Նոյեմբերի 28-ին, Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը պլանավորում են, ի թիվս այլ հարցերի, քննարկել երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը: Այս մասին գրում է «Ռեզոնանս» թերթը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին հուլիսի 8-ից՝ Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին, որը հետևել էր ռուս կոմունիստ-պատգամավոր Սերգեյ Գավրիլովի Վրաստան ժամանմանը:
«Անշուշտ, մենք կխոսենք դադարեցված ավիաչվերթների մասին, և հանդիպումից հետո մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք այն մասին, թե ինչպիսիք են ավիաչվերթների վերսկսման հեռանկարները և ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը», – հայտարարել է Աբաշիձեն հրատարակությանը տված հարցազրույցում:
Վրացի դիվանագետը հիշեցրել է, որ նա հունիս ամսից չի հանդիպել Կարասինի հետ, այն բանից հետո, երբ նա ավարտել է իր աշխատանքը ՌԴ ԱԳՆ-ում, ուստի բազում հարցեր են կուտակվել երկարատև դադարից հետո: Վերջերս հայտնի դարձավ, որ Կարասինը կշարունակի մասնակցել Աբաշիձեի հետ բանակցություններին՝ ՌԴ կառավարության ներկայացուցչի պաշտոնում:
«Հանդիպումը մեկօրյա է, և մենք հիմնականում կքննարկենք Պրահայի ձևաչափով նախատեսված հարցերը: Դրանք են՝ առևտրա-տնտեսական, տրանսպորտային և հումանիտար թեմաները: Մենք կտեսնենք, թե ինչպիսին է իրավիճակը, ինչ խնդիրներ և ինչպիսի դինամիկա կա», – հայտարարել է Աբաշիձեն:
Կողմերը նախատեսում են նաև քննարկել Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011 թվականի համաձայնագիրը՝ սահմանին ապրանքների մոնիտորինգի վերաբերյալ:
«Խոսքը կվերաբերի նաև 2011 թվականի պայմանագրին, թե ինչ իրավիճակ է մաքսային մոնիտորինգի առումով: Եթե մեր օգնության կարիքը լինի, մենք կօգնենք», – նշել է դիվանագետը:
Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը անցակցվում է Պրահայում՝ Ժնևի միջազգային քննարկումների և երկու երկրների դիվանագետների պարբերական հանդիպումների շրջանակներում:
Պրահայի բանակցությունների ձևաչափը ստեղծվել է 2012-ի դեկտեմբերին՝ Վրաստանում իշխանափոխությունից հետո:
Ինչ վերաբերում է մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մեխանիզմների վերաբերյալ համաձայնագրին, ապա այն ձեռք է բերվել այն բանից հետո, երբ Վրաստանը 2011 թ.-ին հանեց վետոն Ռուսաստանի ԱՀԿ-ին անդամակցելու նկատմամբ, բայց միայն այն նախապայմանով, որ պաշտոնական Թբիլիսիի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսեթիա) շրջանների միջոցով կանցնեն Ռուսաստանի Դաշնությունից առևտրային միջանցքներ, նաև կողմերը կհրավիրեն միջազգային միջնորդներին՝ ապրանքների հոսքը և դրանց պիտակավորումը վերահսկելու համար:
Բեռները վերահսկելու նպատակով Վրաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել շվեյցարական Société Générale de Surveillance SA (SGS) ընկերության հետ: Այն պետք է վերահսկի ապրանքների հոսքը Փսոու գետով (Աբխազիա), Ռոկիի թունելի (Հարավային Օսեթիա) միջոցով և «Կազբեկի – Վերին Լարսի» միջոցով, այսինքն՝ այսօր պաշտոնապես գործող միակ անցակետով: