2015-2016 ուսումնական տարում Վրաստանի ԿԳ նախարարության սահմանած ուսումնական պլանի համաձայն կես ժամով կրճատվեցին հայոց լեզվի դասաժամերը:

Ջավախքի հանրակրթական դպրոցների 10 և 11-րդ դասարաններում կրճատվեցին հայոց լեզվի դասաժամերը: Նախկին շաբաթական 5 դասաժամի փոխարեն այժմ կուսուցանվի 4,5 ժամ: Այսինքն մի կիսամյակ կդասավանդվի շաբաթական 4 դասաժամ, մյուս կիսամյակ՝ 5 ժամ:

-«Ցավոտ հարց է: Կրճատվեց մեր մայրենիի դասաժամերը: Հայերենը բարդ լեզու է, առանց այն էլ բարձր դասարանների ծրագիրը բավականին ծավալուն է, չենք հասցնում ամբողջ նյութը փոխանցել աշակերտին»,- ասաց հայոց լեզվի և գրականության մանսագետ Սաթենիկ Նահապետյանը:

Տնօրենների խոսքերով 10 և 11-րդ դասարաններում չեն կարող դասաժամերը տեղաշարժել: Պատճառաբանելով, որ Վրաց լեզվի, Վրաստանի աշխարհագրության, Վրաստանի պատմության, սպորտի դասաժամերը տեղաշարժելու իրավունք չունեն, իսկ մնացած առարկաներից աշակերտները պետք է քննություն հանձնեն:

-«Հայերենին ուշադրություն չեն դարձնում բացարձակապես: Ճիշտ է տնօրենը 25 տոկոս դասաժամերի տեղաշարժ կարող է անել, բայցևայնպես սա բացթողում է»,- ասաց Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղի հանրակրթական դպրոցի տնօրեն Գառնուկ Տաշչյանը:

Վերջին անգամ հայոց լեզվի և գրականության դասաժամերը կրճատվել էին 2012 թվականին: Այդ ժամանակ շաբաթական 8 ժամը փոխարինվեց 5-ի: Այժմ Ջավախքի դպրոցների բոլոր դասարաններում դասավանդվում է շաբաթական 5 ժամ: Ուսումնական այս տարում ևս կես ժամով 10 և 11-րդ դասարաններում կրճատվեցին հայոց լեզվի դասաժամերը: Իսկ 12-րդ դասարանում 2012 թ.-ից դասավանդվում է 4 դասաժամ:

Աղունիկ Այվազյան