Ախալքալաքում «Ուսուցիչների ազգային դպրոցը» չի գործի՝ ծրագրին համապատասխան թվով մասնակիցներ չլինելու պատճառով:

Ինչպես գրել էինք, նոյեմբերի 1-ից մեկնարկել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Ուսուցիչների ազգային դպրոց» ծրագիրը, որը գործելու է Վրաստանի 12 քաղաքներում, որոնց թվում էր նաև Ախալքալաքը։

«Ուսուցիչների ազգային դպրոցի» պատասխանատուն Jnews-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ Ախալքալաքում ծրագրին շատ քչերն են մասնակցության հայտ ներկայացրել, այդ պատճառով Ախալքալաքում վերոնշյալ ծրագիրը չի գործի: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել, ապա կարող են գրանցվել և դասընթացներին հաճախել Ախալցիխեում:

«Քանի որ խումբ ձևավորելու համար պետք է համապատասխան քանակի ուսուցիչ և Ախալքալաքում չունեինք այդ քանակը, այդ պատճառով խումբ չձևավորվեց։ Ձևավորված խումբ ունենք Ախալցիխեում։ Ըստ այդմ, եթե ինչ-որ մեկն Ախալքալաքից ցանկանում է մասնակցել, կարող է դիմել Ախալցիխեի խմբի ղեկավարին և հաճախել այնտեղ»,- ասաց նա։

Ծրագրի նպատակն է ուսուցիչներին կամ այն անձանց, ովքեր ուզում են ուսուցչի մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել և իրենց առարկային մոտ ևս մեկ առարկա դասավանդել։

Ուսուցիչները կվերապատրաստվեն ֆիզիկա, մաթեմատիկա, տեխնոլոգիաներ, կենսաբանություն, քիմիա, կերպարվեստ, երաժշտություն, պատմություն, աշխարհագրություն և քաղաքացիական կրթություն առարկաներից: Տարրական կրթության ուղղությամբ (վրաց լեզու, մաթեմատիկա, բնագիտություն), ինչպես նաև սպորտ, վրացերեն լեզու և գրականություն։

Նախագիծը պետք է անցկացվեր Թբիլիսիում, Գորիում, Բաթումիում, Քութաիսիում, Զուգդիդիում, Ախալցիխեում, Ախալքալաքում, Չոխոտաուրիում, Թելավիում, Ճիաթուրայում, Սենակում և Ամբրոլաուրիոում:

Նախագծին մասնակցելու համար ուսուցիչները պետք է գրանցվեին օնլայն, վերջնաժամկետը մինչև հոկտեմբերի 20-ն էր։

«Մենք տեղեկացրել ենք բոլորր ռեսուրս կենտրոններին, ծրագրի մասին մեդիայով նույնպես հայտարարել ենք, ինչպես նաև մեր կայքում ենք տեղադրել։ Հիմա արդեն խմբերը ձևավորված են, գրանցումը՝ ավարտված։ Դասընթացը միայն վրացերեն լեզվով է, և հիմնականում ուղղված է այն դպրոցներին, որտեղ միշտ մասնագետների պակաս է եղել»,- ասաց ծրագրի պատասխանատուն։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանն ասաց, որ նախագիծը չի պարտավորեցնում ուսուցիչներին մասնակցել:

«Ծրագրի մասին տեղեկացրել ենք բոլոր դպրոցներին, ինչպես նաև տեղեկությունը տեղադրված է ուսուցիչների տան կայքում։ Ծրագրի նպատակը հետևյալն է. եթե, օրինակ մաթեմատիկայի մասնագետը ցանկանում է դասավանդել նաև ֆիզիկա, ապա կարող է հաճախել այս դասընթացներին, որպեսզի հիմք ունենա այլ առարկայի դասաժամ պահանջելու: Նախագիծը չի պարտավորեցնում ուսուցիչներին մասնակցել, մասնակցությունն ըստ ցանկության է»,- ասաց Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավարը։

Գայանե Ակոջյան