Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղում շարունակվում է եկեղեցու վերականգնումը։ Մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանության գործակալությունից վերջնական թույլտվություն ստանալու գործընթացը ձգձգվել է, աշխատանքները նորից սկսվել են, որպեսզի չհետաձգվեն մինչ ձմեռ:

Ըստ Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Բեքա Բարամիձեի, նրանք դեռևս թույլտվություն չեն տվել եկեղեցու վերականգնումը շարունակելու համար: Նրա խոսքով՝ Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն տեղյակ է, և պետք է հոգ տանի, որ աշխատանքները չշարունակվեն:

Korx 1

Գյուղացիների խոսքով՝ անհնար էր շենքը թողնել ավերված վիճակում երկար ժամանակ, և նրանք որոշեցին շենքը բերել այնպիսի վիճակի, որ գալիք ձմեռն այն ամբողջությամբ չքանդեր:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր եկեղեցին նորոգվում է: Սկզբում դադարեցրեցին շինարարությունը, բայց հիմա այն ​​կրկին շարունակվում է», – ասում է գյուղի բնակիչը:

Աշխատողները, որոնց մենք հանդիպեցինք տեղում, հավաստիացնում են, որ աշխատանքները սկսվել են գրեթե մեկ շաբաթ առաջ: Շենքի պատերը ավարտված են, հիմա ներսում ինչ-որ մանր աշխատանքներ են տարվում:

Կորխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մեսրոպ Իրիցյանի հավաստիացմամբ՝ նրանք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ մեկի՝ վերջնականի:

«Մնացել է միայն ճարտարապետական ​​փաստաթուղթը», – ասում է Մեսրոպ Իրիցյան:

Կրոնական հարցերի գործակալության կողմից նախնական թույլտվությունը ստացվել էր դեռ 2019 թվականի հուլիսին, բայց դրանից հետո վերականգնումը պետք է համաձայնեցված լիներ Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հետ, որը պետք է թույլտվություն տա և արդեն կոնկրետ նախագծի և կոնկրետ շինարարության համար:

Այս գործով դատավարություն էր ընթանում: Գործակալությունը մեղադրեց Կորխի բնակիչ Յուրիկ Ծառուկյանին վարչական իրավախախտման համար՝ նրան մեղադրելով Կորխում մշակութային ժառանգության հուշարձանը ապօրինի վերականգնելու մեջ: Սակայն, դատարանը չբավարարեց գործակալության այս պահանջը, քանի որ չապացուցվեց, որ հենց Ծառուկյանն է նախաձեռնել աշխատանքները շարունակել առանց թույլտվության:

Korx 2

Կորխում ապօրինի շինարարության գործով արդեն հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից, գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ պրիմ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «Դիտավորյալ կերպով վնաս հասցնել ազգային նշանակության մշակութային հուշարձանին»:

Այս հոդվածով նախատեված է տուգանք կամ ազատազրկում՝ երկուսից չորս տարի ժամկետով:

Ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, կարևոր է, որ այս հարցը հնարավորինս արագ լուծում ստանա:

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ընթանում է հետաքննություն, ես կարող եմ միայն մեկ բան ասել, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ լուծվի այդ հարցը», – ասում է Արմեն Մառանգոզյանը

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Jnews-ին տված հարցազրույցի ժամանակ Բեքա Բարամիձեն ասել էր, որ Կորխում աշխատանքների նախաձեռնողները պետք է կատարեն հնագիտական հետազոտություն, որից հետո հնարավոր կլինի համաձայնեցնել նախագիծը և թույլտվություն ստանալ գործակալությունից:

Ինչպես ասել էր Բեքա Բարամիձեն, սովորաբար հետազոտությունը տևում է 1 կամ 2 ամիս: Դրանից հետո կարելի է թույլտվություն ստանալ:

Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էին մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Նրանք մի քանի տարի հավաքել էին գումար և որոշել այս տարի սկսել, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: