Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն նամակ է պատրաստել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն ուղարկելու համար, որում շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Բանաձևն ընդունվել է հոկտեմբերի 29-ին: Այսօր, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստի ժամանակ պատգամավորները որոշում կայացրին դիմել Վրաստանում Ամերիկայի դեսպանատուն, որպեսզի հայտնեն իրենց շնորհակալությունը: Նամակի բովանդակությունը նիստի ժամանակ համաձայնեցվեց Սակրեբուլոյի պատգամավորների հետ, որպեսզի այն ուղարկվի բոլոր դեպուտատների անունից:

Հայտարարության տեքստը նեկայացնում ենք լրիվությամբ:
” Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոն ուրախ է և ոգևորված, և իր խորին շնորհակալությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 1915-ին Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունն ընդունելու և ճանաչելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու իր պատմական որոշման համար: № 296 բանաձևը համարձակ քայլ է դեպի ճշմարտություն և պատմական արդարություն, քայլ որը կարևոր է ինչպես յուրաքանչյուր հայի, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում ցանգվածային բռնությունները կանխելու համար: Ժամանակին կատարված քայլ, որովհետև քանի դեռ կա թուրքական վտանգը, չի բացառվում ցեղասպանության կրկնությունը, որի վառ օրինակը ներկայումս սիրիական քուրդերի զանգվածային սպանություններն են: Մենք շատ շնորհակալ ենք 405 քվեներից յուրաքանչյուրի համար, առանձնահատուկ շնորհակալություն Ադամ Շիֆին, քանի որ “ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար կարևոր է, որ ցեղասպանությունը ճանաչվի պաշտոնապես”: