Ալաստան գյուղի բնակչուհի Քուլիկյան Եվգինեն փորձում է պահպանել և փոխանցել հաջորդ սերնդին այն, ինչն իրեն է հասել նախորդ սերունդներից՝ ավանդական հին բնակատեղը` օդան (գոմին կից սենյակ):
Եվգինե տատն ակտիվ քայլերով տանում է մեզ դեպի հին բնակարան: Ճիշտ է, նա այստեղ չի քնում, բայց միշտ փորձում է այն մաքուր և հավաք պահել: փոքր սենյակն ունի երկու կողմերում ներկառուցված փայտե թախտեր, որոնց վրա դրված են բարձեր և բազմաշերտ ժամանակակից ծածկոցներով անկողնային ներքնակներ: Կենտրոնում վառարանն է դրված: Պատերին փակցված են պաստառներ, իսկ թախտերի փայտե հետևակները ճիշտ է ներկված են վաղուց, բայց բացարձակապես նոր տեսք ունեն, ինչը վկայում է այն մասին, որ սենյակը հիմնականում չի օգտագործվում:
«Գարնանը ես բոլոր բարձերը, անկողնու ներքնակները լվանում եմ, օդան մաքրում եմ և ամեն ինչ իր տեղը դնում: Ես պահպանում եմ ինչպես կարող եմ: Այժմ մենք գոմն օգտագործում ենք որպես պահեստ, իսկ օդայում մենք հանգստանում ենք, թուղթ ենք խաղում: Նախկինում մեծ ընտանիքի անդամներն այստեղ նույնպես թուղթ էին խաղում, հանգստանում, անցկացնում երեկոները», – ասում է նա:
Նմանատիպ օդաներում, մի սենյակում առաջ կարող էր քնել ավելի քան 6 մարդ: Այդ իսկ պատճառով, թախտերը պատրաստվում էին լայն, սենյակի ամբողջ երկայնքով և մի քանի հարկանի: Ամենից ճարպիկները գրավում էին վերին հարկերը, որտեղ և տաք էր և մնացածը մահճակալի վրայով չէին կարողանա քայլել: Հիմա Ալաստանում քիչ ընտանիքներ կան, որտեղ ապրում են 2 հոգուց ավելի: Երիտասարդները հիմնականում հեռացել են, իսկ տարեցներից ոմանք ձմռանը տեղափոխվում են իրենց հարազատների մոտ, իսկ ոմանք էլ մնում են: Եվգինե տատը շուտով կմեկնի իր որդու մոտ՝ Հայաստան, իսկ գարնանը նա նորից կվերադառնա և կսկսի օդայում մաքրություն անել:
Ալաստան գյուղը Ախալքալաքի շրջանի հեռավոր գյուղերից մեկն է: Գյուղի բնակիչները, հայ կաթոլիկներ են, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ 1828-ին (ըստ որոշ աղբյուրների 1829-1830), Արծաթ գյուղից: Այժմ գյուղում ապրում է 183 ընտանիք, ժամանակին գյուղում ապրել է 350 ընտանիք, 2780 բնակիչ, ընտանիքները մեծ էին, ասում են յուրաքանչյուր ընտանիքում 8-9 մարդ է ապրել: Գյուղում հավասարապես զբաղվում են անասնաբուծությամբ և հողագործությամբ:
«Տարին անցնում է, իսկ գյուղում նույնիսկ մեկ հարսանիք էլ չի լինում, միայն թաղում, երբեմն մեկ ամսվա ընթացքում երեք թաղում է լինում», – ասում են բնակիչները:
Օդան հին բնակատեղ է, որը հորինվել է այնպես, որպեսզի Ջավախքի ցրտաշունչ պայմաններում մարդիկ ձմեռեին: Ժամանակին, երբ չէին էլ երազում կենտրոնացված ջեռուցման մասին, ծնվում է կենդանիների կողքին ապրելու գաղափարը, որպեսզի նրանց ջերմությամբ տաքանան: Օդայում ննջասենյակն անպայման գտնվում էր գոմի կողքին, ու գոմն շատ ավելի մեծ էր, քան ննջասենյակը: Ննջասենյակում, և, ընդհանրապես, օդայի բոլոր սենյակներում, ցերեկային լույսը ներս էր մտնում ոչ թե պատուհանների միջով, որին մենք այժմ սովոր ենք, այլև առաստաղի վրայի սանդղաձև բացվածքի միջով:
Եվգինե տատը, 82 տարեկան, հասակում աշխույժ և շարժուն է: Հարցին, թե ինչպես է առողջությունը, ասում է, որ մի քանի օր է, ինչ իրեն վատ է զգում: Մեր հարցաքննական հայացքին հաջորդում է նրա խոսքը.
«Ինչ է, հյուրեր ունեմ, ես պետք է նստեմ խոժոռ դեմքով: Ոչ, հյուրին պետք է ընդունել պատվով և պատվով էլ ճանապարհել»:
Թեև, դեռ անցյալ դարի կեսերին Ջավախքում օդան օգտագործվում էր որպես հիմնական բնակատեղի, շատ գյուղերում, այսօր դրանք շատ քիչ են մնացել: Եվգինե տատի օդայում միաձուլվել են 2 դարերը՝ խաժուժիկ բարձերը և ծածկոցները, կերոսինային լամպը, ածխի և փայտի վառարանը, ժամանակակից արդուկը …
Եվգինե Քուլիկյանն ունի երկու երեխա և 5 թոռ: Ամուսինը մահացել է 27 տարի առաջ, և նա ապրում է միայնակ: Ձմռանը նա մեկնում է որդու մոտ:
Եվգինե տատը պահպանում և փայփայում է իր օդան, ինչպես անձնական որևէ իր, նույնիսկ չկռահելով, որ նա պահպանում է դարավոր պատմությունը: Մինչ նա ողջ է, «կապրի» նաև օդան: