Ջավախքում որոշ ուսուցիչների կրթական աստիճանը իջեցվում է միջնակարգ մակարդակի, քանի որ ԿԳ նախարարությունը անվավեր է ճանաչում Ախալքալաքում հայտնի «Ցոդնա» և «Քեյան» անվանումներով բուհերի դիպլոմները: Ըստ այդմ էլ ուսուցիչները վարձատրվում են ցածր և կանգնում հեռացման վտանգի առջև:

Վրաստանի Կրթության և Գիտության նախարարությանը կից գործող Կրթության մակարդակի բարձրացման ազգային գործակալությունը ստուգում է հանրակրթական դպրոցներում դասավանդող մանկավարժների դիպլոմները և անվավեր է ճանաչում որոշ ուսուցիչների դիպլոմները, ովքեր ավարտել են Ախալքալաքի «Ցոդնա» (Միջազգային գիտամշակութային կրթական միություն) և «Քեյան» (Երևանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղ) ուսումնական հաստատությունները: Մարդիկ, ովքեր 4-5 տարի սովորել են և դասավանդել տարբեր դպրոցներում, այսօր հայտնվել են անելանելի դրության մեջ:

Աննա Վարդանյանը (հեղ. անուն ազգանունը հատուկ փոխված է) դասավանդում է վրաց լեզու Ջավախքի գյուղերի դպրոցներից մեկում, նա 2007-2012 թվականներին բարձրագույն կրթություն է ստացել Ախալքալաքի «Ցոդնա» ուսումնական հաստատությունում: Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար վճարել է 700 լարի վարձավճար: Դիպլոմի ստուգումներից հետո պարզվել է, որ Աննայի բարձրագույնի վկայականը իրավական ուժ չունի:

«Իմ ունեցած դիպլոմը հավասար է չունենալու, կարելի է ասել՝ չկա: 5 տարի է դպրոցում աշխատում եմ: Տանջվել եմ, սովորել ու…: Հիմա իմ աշխատանքով երկու երեխա եմ պահում»,- ասաց Աննա Վարդանյանը:

Աննան նամակ է գրել Վրաստանի ԿԳ նախարարություն, սակայն չբավարարվելով նամակի պատասխանով՝ անձամբ հանդիպել է նախարարի հետ: Բանն այն է, որ 2007-ին Աննան ընդունվել է Ախալքալաքի «Ցոդնա» ուսումնական հաստատություն, սակայն չի մասնակցել Վրաստանի միասնական ազգային քննություններին:

«Ես գնացի հանդիպման Թամար Սանիկիձեի հետ, ինձ բացատրեցին, որ ոչ մի ելք չկա: Մեր ժամանակ, որ ընդունվել ենք միասնական ազգային քննություններ են եղել, իսկ մենք չենք մասնակցել այդ քննություններին»,- պատմում է Աննա Վարդանյանը:

Այն մանկավարժներին, որոնց դիպլոմները Վրաստանի ԿԳ նախարարությունը անվավեր է ճանաչում, առաջարկվում է մասնակցել միասնական ազգային քննություններին, վերահանձնել ընդհանուր ունակություններ առարկան և նորից սովորել որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում, բայց արդեն ոչ առաջին կուրսից:

«Այս դիպլոմով նստեցնում են 3-4-րդ կուրս: Ես հնարավորություն չունեմ նորից սովորելու: 5 տարի սովորել եմ, պարզվում է անիմաստ: Էդքան վարձը ջրին եմ տվել, 700 լարի ամեն տարի մուծել եմ: Նախարարությունն առաջարկում է նորից սովորել: Հեշտ չէ, կան բաներ որ մոռանում ես: Տարիներ են անցել, ասում են գնա քննություն տուր, նորից սովորի»,- պատմեց վրաց լեզվի ուսուցչուհին:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ախալքալաքի շրջանում մոտ 45 ուսուցիչներ դասավանդում են ամեն վայրկյան հեռացման վտանգի տակ: Նրանք ավարտել են «Ցոդնա» և «Քեյան» ուսումնական հաստատությունները: Շատերը արդեն 10 տարուց ավելի է դասավանդում են շրջանի տարբեր հանրակրթական դպրոցներում:

Այդ ուսուցիչներին աշխատանքից ազատելն անպայման չէ, սակայն արտոնագիր ստանալու դեպքում դպրոցի համար միջնակարգ կրթությունով ուսուցիչները կարող են խանգարող հանգամանք հանդիսանալ:

«Նրանք չեն հեռացվում դպրոցներից, ուղղակի մակարդակն իջեցվում է միջնակարգ կրթույթան աստիճանի: Եթե տնօրենը ուզում է, պահում է տվյալ մանկավարժին, դա իր իրավունքն է, սակայն դպրոցը լիցենզիա ստանալու ժամանակ խնդիրներ կունենա: Շատ մարդ դիպլոմ է գնել, չի ավարտել, մի օր համալսարան չի գնացել, եկել է աշխատել է ուզում: Օրինակ. Քեյան ավարտողները Հայաստան չեն գնացել, բայց դիպլոմ են առել: Ներքին գործերի նախարարությունը ստուգում է, տեսնում է մարդը սահման չի անցել, բայց համալսարան է ավարտել»,- ասաց Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի ղեկավար Նառցիս Կարապետյանը:

Աննա Վարդանյանը դեռ դասավանդում է վրաց լեզու, քանի դեռ դպրոցի տնօրենը չի ընդունել նոր մասնագետի: Սկսած այս ուսումնական տարվանից Աննան վարձատրվում է միջնակարգ կրթության աստիճանով: Նախկինի համեմատ 100 լարի քիչ է ստանում:

«Դեռ չեն ազատել, բայց հենց մասնագետը եկավ էդ պահին դուրս եմ մնում»,- ասաց նա:

Աղունիկ Այվազյան