Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետից չորս հոգի ընդունվել են Թբիլիսիի Երկաթուղա-տրանսպորտային քոլեջ: Քննարկվում է նաև քոլեջի մասնաճյուղի բացումն Ախալքալաքում:

Երկաթուղա-տրանսպորտային քոլեջ ընդունված երիտասարդներից երկուսը Սուլդա գյուղից են, մեկը՝ Դադեշ, չորրորդն էլ Ախալքալաքից է: Այս քոլեջի գոյության մասին նրանք իմացել են Jnews-ի «Ախալքալաքում ներկայացվել է Երկաթուղային քոլեջի ծրագիրը» նյութից:

Քոլեջից մեզ ասացին, որ Ախալքալաքից այս տարի ընդունվել են 4 հոգի, չնայած նրանք դեռ ուսանողի կարգավիճակ չեն ստացել, այն կստանան նոյեմբերի վերջին, երբ բոլոր քննություններն ավարտվեն:

Ախալցիխեից Երկաթուղա-տրանսպորտային քոլեջում արդեն սովորում են երկու երիտասարդ, այս տարի ընդունվել են ևս չորս հոգի:

Դադեշ գյուղից Արտաշես Մովսեսյանը հանձնել է քննությունը և արդեն ընդունվել է:

«Դիմեցի և ընդունվեցի, ինձ հետ ևս երեք հոգի կային: Մենք բոլորս էլ ընդունվել ենք: Ունակության քննություն ենք հանձնել, չնայած թեստերը վրացերենով էին, բայց մենք հանձնեցինք, լավ կլիներ, որ թեստերը լինեին հայերեն, ինչպես «4 + 1» ծրագրում է: Մենք ընդունվել ենք մոնիտորինգի բաժին: Քոլեջում վրացերեն չեն սովորեցնելու, մեզ ասացին, որ հնարավոր է, որ դժվար լինի, բայց հաղթահարելի է »,- ասում է Արտաշես Մովսեսյանը:

Ըստ Արտաշես Մովսեսյանի, դասերը կսկսվի նոյեմբերի 21-ին և կտևի 22 ամիս: Դասընթացները լինելու են վրացերենով, բայց քոլեջի մենեջեր Շոթա Մարջիշվիլիի խոսքով, սկզբում կլինեն ինչ-որ մոդուլներ, որպեսզի նրանք սկզբում սովորեն վրացերենը:

Որպեսզի ջավախքցիների համար քոլեջում սովորելը հարմար լինի, քանի որ այն ուսանողներին չի ապահովում հանրակացարանով, ղեկավարությունը մտածում է Ախալքալաքում մասնաճյուղ բացելու մասին, սակայն նրանք դեռևս չեն կարող ասել, թե որքանով է դա հավանական:

«Դեռ ՍՊԸ «Մարաբդա-Կարծախ երկաթուղու» հետ քննարկումներ են ընթանում, կան հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն: Մեր միջև հուշագիր է ստորագրված: Մենք ցանկանում ենք հաջորդ տարի Ախալքալաքում բացել քոլեջի մասնաճյուղ: Մենք աշխատում ենք, բայց դա կախված չէ միայն մեզանից », – ասում է Շոթա Մարջիշվիլին:

«Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ՍՊԸ-ի մամուլի ծառայությունում ոչինչ չգիտեն մասնաճյուղի հնարավոր բացման մասին:

«Քոլեջի հետ հուշագիր կա, բայց ես տեղյակ չեմ Ախալքալաքի մասնաճյուղի մասին: Մենք քոլեջի շրջանավարտներին կընդունենք աշխատանքի, բայց միայն եթե նրանք որակավորված մասնագետներ լինեն, բայց դա պարտավորություն չէ, մենք չենք կարող բոլորին ընդունել աշխատանքի: Այս հուշագիրը մեզ չի պարտավորեցնում»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Ախալքալաքում ունի երկու կայան, երկաթուղում աշխատանքի ընդունվելու հնարավորությունը ժամանակի ընթացքում կարող է աճել: