Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղի բնակիչները բողոքում են, որ արդեն տասը տարուց ավելի է, ինչ մառնեուլցի հովիվները իրենց հոտը արածեցնում են Օլավերդ գյուղի արոտավայրերում: Իրենք շատ անգամ են բողոքարկել, դիմել շրջանի ղեկավարությանը, բայց անարդյունավետ:
Օլավերդ գյուղը գտնվում է լեռներում: Այս գյուղի բնակիչները այնքան հիմնախնդիրներ ունեն, որ երբ հարցնում ես այդ մասին, չգիտեն էլ թե որտեղից սկսեն: Գյուղում ապրում է 150 տնտեսություն, նրանք բոլորն էլ զբաղվում են անասնապահությամբ: Գյուղացիների ապրուստի միակ միջոցը դա է:
Ամեն մի տնտեսություն ունի նվազագույնը 3-4 կով և 10 ոչխար: Հիմնախնդիրը կայանում է նրանում, որ իրենց անասուններին չեն կարող արածեցնել իրենց օրինական արոտավայրերում: Այդ արոտավայրեր են քշում իրենց հոտը մառնեուլցի ու կախեթցի անասնապահները:
Մերուժ Գիլոյանը գանգատվում է, որ իրենք չեն կարող իրենց հոտը արածեցնել իրենց արոտավայրերում:
«Թուրքերը իրենց անասուններին արածեցնում են մեր արոտավայրերում: Մենք նրանց թույտվություն չենք տվել: Ամեն օր գնում ենք քաղաք` բողոքելու: Խոստանում են, որ նրանց կհեռացնեն, բայց չեն կարողանում: Մեր բողոքներին ուշադրություն չեն դարձնում. ասելով` իբր նահանգապետն է թույլատրել», – ասում է Մերուժ Գիլոյանը:
Գյուղացիների խոսքերով` իրենց արոտավայրերում 4 հովիվներ են` իրենց 20000 կովերով (4 բինա, ինչպես կոչում են տեղացիները): Յուրաքանչյուր հովիվ ունի 5000 կով, թեև նրանք ասում են, որ իրենք ունեն ընդամենը 1700 կով: Նրանք տեղավորվել են այլ տարածքում, բայց կովերին արածեցնում են Օլավերդի արոտավայրերում:
Արտավազդ Պետրոսյանը ունի չորս կով ու տասը ոչխար:
«Մեկ ամիս առաջ եկան ոստիկաններ, ղեկավարներ, հեռացրին, բայց նրանք կրկին այստեղ են: Ասում են, որ «թիկունք» ունեն ու հարկ չեն վճարում: Ղեկավարները դրա համար էլ հետաքրքրված են հեռացնելու նրանց` բայց չեն կարողանում», – ասում է Արտավազդ Պետրոսյանը:
Գյուղացիների խոսքերով, իրենք ապրում են գյուղում, որ անասուններ պահեն, եթե ոչ կապրեին քաղաքում. ապրում են այստեղ հողի համար, որը չեն կարողանում օգտագործել: Գյուղի երիտասարդներին հազիվ են պահում, որպեսզի նրանք ուժ չգործադրեն այդ հովիվների նկատմամբ:
Օլավերդ գյուղի լիազոր Ներսես Եսայանը ասում է, որ հովիվները բացի նրանից, որ օգտագործում են արոտավայրերը, նաև այլ վնաս են պատճառում:
«Երևի ուզում են արյունահեղություն, հազիվ ենք պահում երիտասարդներին: Հովիվները ասում են, թե տարածքը վարձակալել են, բայց մենք ապացուցեցինք, որ ոչ մի կոպեկ չէր վճարած: Ղեկավարները արդեն մի քանի անգամ զգուշացրել են, բայց անցնում է 2-3 օր, և նրանք նորից իրենց հոտը քշում են մեր տարածք: Ոստիկանությունը նույնպես եկավ, բայց նրանք իրենցը գիտեն: Արդեն տաս տարի շարունակվում է այսպես: Ասում են, որ նրանք «թիկունք» ունեն: Նրանք նույնիսկ վնասել են մեր խմելու ջրի ավազանը, բայց ասում են, որ իրենք մեղավոր չեն: Մենք պայքարում ենք արդարության համար», – ասում է Ներսես Եսայանը:
Նշված իրավիճակը շարունակվում է արդեն տասը տարի. անհայտ է թե որքան կշարունակվի:
Տարօրինակ է, որ իշխանության ներկայացուցիչները և իրավապահ մարմինները չեն կարող «գլուխ հանել» չորս հովիվի հետ: Օլավերդցիները չեն կարող օգտվել իրենց օրինական արոտավայրերից, նրանց իրավունքները խախտվում են կոպիտ կերպով, իսկ նրանց իրավունքների պաշտպանությունը երևի ոչ ճիշտ է իրականացվում:
Շուշան Շիրինյան
ՇուշանՇիրինյան