Ախալքալաքի փողոցներով երթևեկելիս վարորդները հաճախ են հանդիպում «արհեստական անհարթությունների», որոնք հաղթահարելու համար պետք է մեծ զգուշություն ցուցաբերեն, որպեսզի մեքենաները չփչացնեն։
Ամբողջ աշխարհում տեղադրում են՝ կամ կաուչուկից, կամ էլ պլաստմասե «արհեստական անհարթություններ», իսկ Ախալքալաքի փողոցներում հանդիպում ենք բետոնե կամ ասֆալտե «արհեստական անհարթություններ», որոնք չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին։
Գտնել թե Վրաստանում ինչ չափանիշներ կան արհեստական անհարթությունների չափսերի վերաբերյալ մենք չկարողացանք: Իսկ ՆԳՆ-ի համապատասխան բաժիններում ևս մեզ չկարողացան օգնել, ամեն անգամ պատասխանելով, որ այդ հարցը իրենց իրավասության մեջ չի մտնում:
«Արհեստական անհարթություն» տեղադրող մի քանի ընկերություն, որոնք աշխատում են Վրաստանում նույն չափորոշիչներով են առաջնորդվում, որ այն պետք է լինի կաուչուկից կամ պլաստմասից, բարձրությունը չպետք է գերազանցի 40-45 մմ, այսինքն 4-4,5 սմ իսկ լայնությունը՝ 500 մմ։
Ախալքալաքում դրանք տեղադրում են, «բոլ լինի» կարգախոսով և բարձրությունը մինիմում 10 սմ: Ախալքալաքի Թբիլիսյան փողոցում «արհեստական անհարթությունը» բետոնից է, որի բարձրությունը վարորդներին մեղմ ասած «վախեցնում է»։
«Անցնում եմ մեքենայի խլացուցիչը դիպչում է դրան, պոկվում է, կարտերը քսելով անցնում ենք, սա ինչ անշնորքություն է։ «Պալիցեյսկին» այդպես չի լինում, ինչպես որ պետականորեն կա, թող այդպես անեն», – նշում են վարորդները։
Վարորդներից մի քանիսն ընդգծում է, որ հիմա ամեն պատգամավոր որտեղ ուզում, այնտեղ արհեստական անհարթություն է տեղադրում:
«Պատգամավորներն ու նրանց բարեկամներն իրենց տների դիմաց բարձր «պարկած պալիցեյսկիներ» են դրել, այդպես չի կարելի, օրենքը բոլորի համար պետք է մեկ լինի։ Նրանք իրենց տների դիմաց են տեղադրել տալիս, որ այդ տեղերով մեքենաներ շատ չանցնեն, մեքենանաերի ձայները իրենց հանգստին չխանգարեն», – ասում են վարորդները։
Jnews-ի հարցմանը ենթարկված վարորդներն ասում են, որ դեմ չէն անհարթություններին, դա ապահովություն է, քանի որ քաղաքի յուրաքանչյուր փողոցում երեխաներ են ապրում ու խաղում, սակայն դրանց համար ձև ու կարգ գոյություն ունի, ոչ թե այնքան բարձր, որ մեքենաները ջարդվեն։
«1966 թվականից մինչ հիմա վարորդ եմ, մենակ մեր քաղաքում եմ հանդիպում այսպիսի պալիցեյսկիների, մեր քաղաքում բոլորը նորմայից դուրս են»,- ասում է մի վարորդ։
Ախալքալաքի յուրաքանչյուր փողոցի «արհեստական անհարթություն» յուրահատուկ է, օրինակ՝ Թամար Թագուհու, Մաշտոցի և մի շարք այլ փողոցներում տեղադրված անհարթությունները շատ մոտ են տեղադրված։
«Թամար Թագուհու փողոցն ընդհանրապես անանցանելի է, եթե մեքենայի մեջ շատ մարդ եղավ մեքենայի տակը քսվում է, շատ բարձր են արել։ Ասֆալտով են արել կամ բետոնով, դա ինչ բան է», – ավելացնում է մեկ այլ վարորդ։
Յուրաքանչյուր քաղաք զարգացնում են, ավելի ժամանակակից և բնակչության համար հասանելի են դարձնում, իսկ Ախալքալաքը փչացնում է մեքենանաերը: Օրենքը պահանջում է տեխնիկապես սարքին մեքենա, տեխզննում անցնելու համար։ Տեխզննման ժամանակ օրենքին պետք է ենթարկվեն վարորդները, իսկ ինչու օրենքով չեն առաջնորդվում արհեստական անհարթություններ դնողները։
Գայանե Ակոջյան