Դամալա գյուղում կանայք շարունակում են ավանդաբար փստիլ (պաստեղ, թթու լավաշ) պատրաստել և հյուրասիրել:

Ասպինձայի շրջանի միակ հայկական գյուղում մրգերը մրցակցությունից դուրս են: Գարնան սկզբից մինչև խոր աշուն, այստեղ աճող մրգերից առանձին-առանձին և խառը պաստեղ են պատրաստում: Կանայք չեն դժգոհում, աշխատատար է, սակայն շատ համեղ ու պատվաբեր:

pstil

Դամալայում կանայք առանձնակի սիրով ու ոգևորությամբ են պատրաստում պաստեղ: Յուրաքանյուր կին պատրաստում է այնքան, որ գյուղ այցելող հյուրերին կարողանա հավուր պատշաճի ճանապարհել: Իսկ դա նշանակում է, որ Դամալա գյուղ այցելողները «դատապարտված են» փորձել փստիլի համը, որից հետո և նվեր են ստանում:

Տիկին Վարսենը պատմում է՝ փոքրուց տեսել եմ, ինչպես է մայրս պատրաստում, այսօր արդեն ինքս եմ շարունակում…:

«Ամեն մրգից պատրաստում ենք, տարբեր գույների: Ծիածանի, որ գույնն ասես այդ գույնի պաստեղ ունենք: Նույնիսկ կիվիից ենք պատրաստում, շատ սիրուն է ստացվում»,- նշում է Դամալա գյուղի բնակչուհին:

Դամալայում չեն մտածում պաստեղի բիզնես սկսել: Մեր հարցին, թե ինչու չեն վաճառում, չէ որ այդքան շատ են պատրաստում, կանայք պատասխանեցին. «Լավ է մարդկություն անես, քան մի քանի լարիով վաճառես»:

pstil

Պատրաստման եղանակը.

Օրինակ. Եթե պատրաստում եք խաղողի պաստեղ, ապա պետք է մեկ դույլ խաղողին ավելացնել նույնչափ ջուր, ցանկալի է օջախի վրա եփել, այնուհետև քամել ալրմաղով, որից հետո զտված հյութը նորից եփել: Մի քիչ պնդանալուց հետո ավելացնել 1 կգ շաքար և նախապես պատրաստած 1 կգ ալյուրով խույսը: Եփել այնքան մինչև լավ եռա և տաք-տաք վիճակում հարթեցնել սպիտակ կտորների վրա և չորացնել: Ըստ բերանի համի և մրգի քաղցրության կարող եք շաքարավազ ավելացնել, կամ՝ ոչ:

Պաստեղն օգտագործվում է բազմաթիվ ուտեստների մեջ, ինչպես նաև այն կարելի է վայելել առանձին: Պաստեղը, մրգալավաշը կամ ինչպես Դամալա գյուղում են ասում՝ փստիլը, իրենց սեղանների ամենօրյա զարդն է:

pas

Աղունիկ Այվազյան