Անցած տարի Սուլդա գյուղում մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել էր: Այս տարի 12 500 լարի է հատկացվել շենքում ջրի խնդիրը լուծելու և կաթսայատան համար վառարան գնելու նպատակով:

Հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի Սակեբուլոյի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում Սուլդա գյուղի մանկապարտեզի վերանորոգման համար հաստատվեց 12 500 լարի գումար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղում մանկապարտեզի կառուցումն ավարտվել է ավելի քան մեկ տարի առաջ, բայց այն դեռևս չի գործում: Բնակիչները նշում են, որ շենքի չօգտագործման պատճառով հատակը խոնավությունից փչացել է:

Ըստ Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանի՝ մանկապարտեզում հատակն ընդամենը մի քանի տեղում է ծածկապատվել:

Պարզելու համար, թե ինչու շենքը դեռ չի հանձնվել շահագործման, մենք դիմեցինք Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանին: Ըստ նրա, 2019 թվականի բյուջեում նախատեսված չէր Սուլդա գյուղում մանկապարտեզի բացում:

«Նախ՝ այս տարի չէր նախատեսվել մանկապարտեզի բացումը՝ խմելու ջրի և կաթսայատան բացակայության պատճառով», – ասում է Արմեն Մառանգոզյանը:

Ըստ նրա, մեկ տարի, միմանկապարտեզի գործնեությունն ապահովելու համար անհրաժեշտ է 150 000-ից 200 000 լարի, որը բյուջեում չկար:

«Մենք եղել ենք գյուղում, տեսել ենք, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի մանկապարտեզն աշխատի, դրա համար մենք Սակրեբուլոյին խնդրեցինք բյուջեում փոփոխություններ կատարել», – ասում է նա:

Ըստ Արմեն Մառանգոզյանի, այս բոլոր աշխատանքների համար Սակրեբուլոն հաստատել է 12 500 լարի՝ մանկապարտեզի մոտ պոմպով ցիստեռն դնելու և կաթսա գնելու նպատակով, իսկ ներքին կահավորման՝ կահույքով և այլ անհրաժեշտ իրերով ապահովման նպատակով, քաղաքապետարանն առանձին գումար կհատկացնի:

Բոլոր աշխատանքների համար մունիցիպալիտետը կհայտարարի տենդեր, իսկ հաղթող ընկերությունը կկատարի այդ աշխատանքները:

Ըստ Զարզանդ Կուջոյանի՝ ամենակարևոր խնդիրը ջրի խնդիրն է, որը ոչ միայն մանկապարտեզում է, այլև ամբողջ գյուղում:

«Եթե գյուղում ջրի խնդիրը լուծվի, ապա մանկապարտեզում էլ ջրի խնդիրը կլուծվի», – ասում է Զարզանդ Կուջոյանը:

Ըստ փոխքաղքապետի, մանկապարտեզը ջրով ապահովելու համար անհրաժեշտ է տեղադրել պոմպեր և գլանատակառներ:

Այնումենայնիվ, Զարզանդ Կուջոյանը պնդում է, որ առանձին մանկապարտեզի համար պոմպեր և ցիստեռներ անհրաժեշտ չեն:

«Գյուղի ջրավազանը գտնվում է մանկապարտեզի վերևում, բավական է այն ջրով լցնել, և ջուրն ինքնահոսով կհոսի», – ասում է Զարզանդ Կուջոյանը:

Թե կոնկրետ, երբ կսկի գործել մանկապարտեզը, դեռ հայտնի չէ: Ըստ Արմեն Մառանգոզյանի, իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի շենքի նախապատրաստումն ավարտվի այս տարի:

«Եթե 2019-ին չհասցնենք, ապա պատրաստ կլինի 2020 թ.-նի սկզբին», – ասում է փոխքաղաքապետը:

Իսկ Սուլդա գյուղում բնակիչները սպասում են:

Բրատիսլավ Իգիթխանյան