Հոկտեմբերի 5-6-ին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում անցկացվեց «Մշակութային կամուրջ» փառատոնը, որը արդեն երկրորդ անգամն է կազմակերպում են «Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիան» եւ Գյումրու «Քրեյզի» պարի ստուդիան:

Փառատոնը տեղի ունեցավ Գյումրու Օազիս համալիրում։ Երկու օր Վրաստանի եւ Հայաստանի տարբեր պարային համույթներ ներկայացան հանդիսատեսին։

Փառատոնի նպատակն է ստեղծել բարեկամական կամուրջներ Հայաստանի եւ Վրաստանի պարողների համար, լինել հարթակ, որը կծառայի ոչ միայն ներկայանալու, այլ նաեւ նոր ծանոթությունների, փորձի փոխանակման եւ հետագա համագործակցության համար։

«Մշակութային կամուիջ» փառատոնը առաջին անգամ կազմակերպվել էր Ախալքալաքում սույն թվականի մայիս ամսին։

Կազմակերպիչները հույս են հայտնում, որ հետագայում էլ փառատոնը կդառնա բարի ավանդույթ։ Բացի պարային համարներից փառատոնի մասնակիցները հյուրընկալ Գյումրիում ստացան տոմսեր օգտվելու Գորկու այգում տեղակայված կարուսելներից։ Իսկ Վրաստանի մասնակիցները, Սամցխե-Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիայի նախաձեռնությամբ Գյումրիում հյուրընկալվեցին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության պետական կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը, հյուրասիրվեցին եւ գյումրեցիների հետ միասին պարեցին հայկական եւ վրացական պարեր։

Պատվոգրերով, հուշանվերներով, հրավառությամբ եւ դրական լիցքերով ավարտվեց «Մշակութային կամուրջ» պարի փառատոնը։