Թոշակառու ուսուցիչներն, ովքեր ինքնակամ թողել են իրենց աշխատանքն, արդեն իրենց երկամյա աշխատավարձի չափով ստանում են պարգևավճարներ: Ախալքալաքի դպրոցներից հեռացան 165 ուսուցիչ-թոշակառուներ:

Պարգևավճարների տրամադրումը սկսվել է հոկտեմբերի 1-ից և դեռ շարունակվում է: Գումարն աստիճանաբար փոխանցվում է նախկին ուսուցիչների հաշիվներին: Այսօրվա դրությամբ Ախալքալաքի դպրոցների նախկին ուսուցիչների 97% -ն արդեն ստացել է պարգևավճարները: Մնացածը կստանան մոտ օրերս:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարեփոխման շրջանակներում, կենսաթոշակային տարիքի այն ուսուցիչները, ովքեր չեն ցանկանում քննություն հանձնել իրենց կարգավիճակը բարելավելու համար, կարող են ինքնակամ հեռանալ և միանվագ ստանալ դրամական վարձատրություն՝ երկու տարվա աշխատավարձի չափով:

Թոշակառու ուսուցիչները ողջ կյանքի ընթացքում պահպանում են առողջության ապահովագրությունը (համաձայն պետական դպրոցների ուսուցիչների առողջապահական համընդհանուր փաթեթի):

Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում, ըստ Ախալքալաքի կրթության ռեսուրս-կենտրոնի, կա 1437 ուսուցիչ, որոնցից 250-ը՝ թոշակառուներ: Ախալքալաքի դպրոցներից թոշակի է անցել 165 ուսուցիչ: Մունիցիպալիտետում կա 65 դպրոց: Հեռանալու դիմումներ են գրվել 49 դպրոցներից:

Փոքր Սամսար, Ազավրեթ, Խանդո, Գոման գյուղերից և թիվ 5 քաղաքային դպրոցից տնօրենները դադարեցրել են իրենց ուսուցչական գործունեությունը, բայց կշարունակեն կատարել տնօրենի պարտականությունները:

Ամենամեծ թվով ուսուցիչ-թոշակառուները հեռացել են Կուլիկամ գյուղի դպրոցից՝ 10 հոգի, իսկ Ախալքալաքի 4-րդ դպրոցից` 9 ուսուցիչ: Ութական ուսուցիչ լքել են Մարտունի գյուղի դպրոցը և Ախալքալաքի թիվ 2 դպրոցը: Ալաստան և Խանդո գյուղերի հանրային դպրոցից՝ 7-ական ուսուցիչ: Մնացած դպրոցներից հեռացել են մեկից չորսական հոգի:

Աշխատող թոշակառու ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն օգտվել այս ծրագրից: Հեռացման և պարգևվճարներ ստանալու դիմում ներկայացնելու երկրորդ փուլը կսկսվի 2019-ի նոյեմբեր-դեկտեմբերին: