Վերջին տարիներին ծնողները երկմտում են, պատվասեն իրենց երեխաներին, թե՝ ոչ: Ծնողների մասը հրաժարվում է պատվաստումներից, և հակառակը:

Մինչ ծնողները որոշում են կայացնում, Վրաստանի օկուպացված տարածքների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշում ընդունեց, որ պատվաստումը պետք է պարտադիր լինի։ Չպատվաստած երեխաններին և ուսանողներին դպրոց և համալսարան չեն ընդունում։

Նախարարության՝ 2019 թվականի հունվարի 22-ին ընդունած №01-6 որոշման համաձայն, պետք է պարտադիր դառնա պատվաստումը։

Նրանք, ովքեր ժամանակին անցել են պատվաստում և չունեն համապատասխան փաստաթուղթ, պետք է հանձնեն արյան անալիզ, որպեսզի տեսնեն, պատվաստում անցել են, կամ հիվանդություն տարել են, թե ոչ։

Ախալքալաքի հոսպիտալի մանկաբույժ Մարիաննա Համբարձումյանն ասում է, որ պատվաստումը պարտադիր անհրաժեշտություն է։

«Կան ծնողներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, բայց պետությունը երբեք վատ պատվաստանյութ չի ուղարկի իր ժողովրդին։ Ոչ մի երկիր չի ուզում, որ իր ժողովուրդը վատ պատվաստանյութով պատվաստվի։ Մարդիկ ասում են, որ թուրքական կամ այլ պատվաստանյութեր ենք ստանում, բայց դա այդպես չէ, մենք ստանում ենք բելգիական պատվաստանյութեր»,- վստահեցնում է բժշկուհին։

Վերջինս նաև հավելում է, որ պատվաստումը պարտադիր է, հետագայում մասսայական խնդիրներից խուսափելու համար։

«Եթե մասսայական կարմրուկ լինի, պատվաստած երեխան ավելի թեթև կտանի այն։ Կան երեխաններ, ովքեր պատվաստված չեն, բարդություններ են տարել և դրանից հետո մահ է վրա հասել, քանի որ երիկամներին է վնասում»,- նշում է բժշկուհին։

Շատ ծնողներ վախենում են պատվաստումից հետո երեխայի ջերմությունից։ «Ավագ թոռնիկիս պատվաստեցինք, մի քանի օր տաքություն ունեցավ, շատ էինք վախեցել, շատ թույլ էր, դրա համար էլ որոշեցինք փոքրին չանել»,- ասում է Թագուհի տատին։

Բժշկուհին տատիկներին ու մայերին հանգստացնում է, ջերմությունը բնական և նորմալ երևույթ է։ «Բարձր ջերմություն ունենալը հիմնականում միակ դժվարությունն է, եթե երեխան ջերմություն ունի, դա շատ լավ է, քանի որ դա նշանակում է, որ նրա օրգանիզմը պատվաստանյութն ավելի լավ է ընդունել», – ասում է բժշկուհի Մարիաննան:

Պատվաստանյութերը պահվում է հատուկ սառնարաններում, յուրաքանչյուր ծնող իրավունք ունի տեսնել պատվաստանյութի պահպանման ժամկետը և արտադրման վայրը։

Բժշկուհի Մարիաննան իր երեխաներին նույնպես պատվաստել է, ասում է, որ նույնիսկ իր երեխաների դասարանցիների և նրանց ծնողների մոտ է պատվաստել, որպեսզի տեսնեն, որ ո՛չ վախենալու բան կա, ո՛չ էլ վտանագավոր։

Ըստ մանկաբույժների չպատվաստելը սխալ է։ Յուրաքանչյուր զարգացած երկրում պատվաստում կատարում են։

Հարցին թե արդյո՞ք ճիշտ է, որ նույն պատվաստանյութով կարող են պատվաստել երկու երեխայի, բժշկուհին պատասխանեց.

«Այո, բայց տեսեք ինչպես է դա կատարվում։ Օրինակ. կարմրուկը ունի երկու չափաքանակ մի ամբուլայում, եթե մեկը բացում օգտագործում ենք, մնացածը մենք պահում ենք սառնարանում նույն ջերմաստիճանի տակ, բայց մինչև աշխատանքային օրվա վերջ, ոչ ավել։ Մենք ունենք պատվաստանյութեր, որոնք 20 չափաբաժին են, դրանք պահում ենք այնքան, ինչքան որ ժամկետ տրված է, կա 24 ժամ, 5 օր», – ասում է բժշկուհի Մարիաննան։

Հունիս ամսին, երբ դպրոցները պարտադիր պահանջեցին պաստվաստում, կլինիկայում հոսքը շատ է եղել, սակայն հիմա նվազել է։

«Երեխաների 90% պատվաստած չէին, ծնողները վախենում էին պատվաստումից, սակայն մենք խորհրդատվություն անցկացրինք, որպեսզի նրանք հասկանան, որ ոչ մի բան չկա վախենալու։ Այնպես չէ, որ մենք՝ մանկաբույժերս ինչ-որ շահ ունենք դրանից, դա իրենց համար է օգտակար», – ասում է մանկաբույժը։

Եթե երեխան ինչ-որ խնդիր ունի, պարտադիր չէ, որպեսզի հենց 2 ամսականից պատվաստումները սկսեն։

Բժշկուհին ուրախությամբ է նշում, որ Ախալքալաքի հոսպիտալում պատվաստումներից ոչ մի բարդացում չի գրանցվել։

Շատ ծնողներ անհանգստանալով ինֆեկցիաներից պատվաստման են տանում երեխաներին։

«Ես իմ երեխային պատվաստել եմ, մտածում եմ, որ պատվաստելը շատ կարևոր է, հիմա շատ հիվանդություններ և ինֆեկցիաներ կան, պետք է մեր երեխաներին պաշտպանել այդ ամենից։ Մենք շատ գոհ ենք, երեխան իրեն լավ էր զգում, մի քիչ առաջի օրը ջերմություն ունեցավ, հետո արդեն դա էլ անցավ։ Շարունակելու ենք և ամեն ամիս համապատասխան պատվաստումն անելու ենք»,- ասաց Ալեքսանդր Տուլխանովը։

Հարցված ծնողներից մեկն էլ շատ դժգոհ է Ախալքալաքի հոսպիտալի սպասարկումից։ Ասում է, որ շատ է ցանկանում իր երեխային պատվաստել, սակայն Ախալքալաքի հոսպիտալ նրան այդպես էլ չեն կանչել։

«Երեխաս ծնվել է Ախալցիխեում, գնացի Ախալքալաքի հոսպիտալ երեխային գրանցելու, ասացին, որ հեռախոսահամարս թողնեմ, որպեսզի կանչեն պատվաստման։ Չզանգեցին, ես գնացի, ասացին պատվաստանյութ չունեն, որ սպասեմ, սպասեցի մինչև հիմա չեն զանգել, երեխաս արդեն 10 ամսական է, հետո տարա Ախալցիխե ասացին, որ արդեն ատամ է հանում, չի կարելի։ Այդ իսկ պատճառով էլ երեխաս այդպես էլ չպատվաստվեց», -ասաց նա։

Ըստ Վրաստանի օկուպացված տարածքների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2015 թվականի նոյեմբերի 15-ի N01-57/n հրամանագրի պատվաստումները պետք է կատարել ներքոնշյալ աղյուսակի հիման վրա։

պատվաստում

Ըստ այդմ Ձեզ ենք ներկայացնում այն ինֆեկցիոն հիվանդությունները, որոնց դեմ էլ պայքարում են պատվաստումներով.

Հեպատիտ B: Ինֆեկցիոն հիվանդություն, որն առաջանում է հեպատիտ B վիրուսից։ Ազդում է լյարդի վրա: Այն կարող է առաջացնել ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ ինֆեկցիաներ։ Վիրուսը փոխանցվում է ինֆեկցված արյունից կամ մարմնի հեղուկներից: Նորածնի մոտ ինֆեկցիայի հայտնաբերումը կամ այլ մարդկանց արյան հետ կոնտակտի հետևանքով առաջացած ինֆեկցիան հեպատիտ B-ով վարակման ամենահաճախ հանդիպող ձևն է այն վայրերում, որտեղ այն տարածված է։ Ինֆեկցիան կանխարգելվում է պատվաստանյութի միջոցով 1982 թվականից սկսած: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պատվաստումը պետք է իրականացնել երեխայի կյանքի առաջին օրը։

ԲՑԺ պատվաստանյութ: Կալմետ-Գերինի բացիլ (ԲՑԺ) պատվաստանյութ է, որը օգտագործվում է տուբերկուլոզի դեմ։ Այն երկրներում, որտեղ տուբերկուլոզը հաճախ է հանդիպում՝ խորհուրդ է տրվում օգտագործել 1 չափաբաժին՝ առողջ նորածիններին։ Պատվաստումը ցանկալի է անել ծնվելուց հետո, հնարավորինս շուտ:

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ՕՊՎ: Պատվաստանյութը օգտագործվում է դիֆթերիաի, փայտացման, կապույտ հազի, հեպատիտ B-ի, հեմոֆիլուսի, ինֆլուենզա B տիպի հիվանդությւնների դեմ։

Պնևմոկոկային վարակի դեմ (պնեվմո/PCV): Պատվաստման իմաստն այն է, որ երեխան իմունիտետ ձեռք բերի մինչև 6 ամսականը և պաշտպանված լինի մենինգիտից ու թոքերի բորբոքումից։

Ռոտավիրուսային վարակ: Ռոտավիրուսը հայտնաբերվել է 1972 թվականին ավստրալացի գիտնականների կողմից։ Այն հայտնաբերվել է գաստրոէնտերիտով հիվանդ երեխաների աղիքային բիոպսիայի նմուշներում՝ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։ Ռոտավիրուսը հանդիսանում է ծանր ընթացող դիարեաների պատճառ, բնորոշվում է որպես հոսպիտալացում պահանջող դիարեա։ Այդ վիրուսային վարակից տարեկան մահանում են մոտ 611000 երեխաներ։

Կարմրուկ, կարմրախտ, խոզուկ: Կարմրուկը որպես բարդություն կարող է առաջացնել թոքաբորբ, էնցեֆալիտ, կարող է նույնիսկ մահացու ելք ունենալ: Կարմրուկի ծանր բարդություններից է հազվադեպ հանդիպող, բայց մահացու համարվող «ենթասուր սկլերոտիկ պանէնցեֆալիտը», որն առաջանում է նախկինում տարած կարմրուկից հետո, բնորոշվում է կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարումով: Այն կարող է առաջանալ հիվանդությունից նույնիսկ 7-ից 10 տարի հետո, նույնիսկ այն դեպքերում, երբ հիվանդին թվում է, թե ինքն ապաքինվել է: Խոզուկը կարող է առաջացնել լսողության կորուստ, գլխուղեղի կամ ողնուղեղի ախտահարում, օրխիտ: Կարմրախտը հղի կնոջ մոտ կարող է առաջացնել վիժում, իսկ պտղի մոտ՝ լուրջ բնածին արատներ:

Դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում: Կապույտ հազ, (հայտնի է նաև պերտուսիս կամ 100 օրվա հազ անվանմամբ) վարակիչ, բակտերիալ հիվանդություն։ Սկզբնական շրջանում ախտանիշները հիշեցնում են հարբուխ՝ քթահոսություն, ջերմություն և փափուկ հազ։ Հիվանդությունն ընթանում է ամիսներով շարունակվող նոպայաձև հազով։ Հազը ուղեկցվում է բնորոշ ձայնային երանգով։ Հազը կարող է պահպանվել 10 և ավելի շաբաթ, որտեղից էլ առաջացել է «100 օրվա հազ» անվանումը։ Երկարատև նոպայաձև հազի հետևանքով հիվանդները լինում են թույլ, առաջանում է սրտխառնոց, նույնիսկ հազը կարող է հանգեցնել կողի կոտրվածքի։ Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ հազը կարող է արտահայտված չլինել կամ լրիվ բացակայել, նրանց մոտ հաճախ դիտվում է ապնոէի դրվագներ։ Վարակման և առաջին ախտանիշների ի հայտ գալու միջև ընկած ժամանակահատվածը հաճախ 7-10 օր է։ Հիվանդությունը կարող է առաջանալ նաև նրանց մոտ ովքեր պատվաստվել են, սակայն նրանց մոտ ախտանիշները սովորաբար լինում են ավելի մեղմ։

Պոլիոմիելի: Սուր համաճարակային առաջային պոլիոմիելիտ, մանկական ողնուղեղային պարալիչ, Հայնե-Մեդինի հիվանդություն, սուր պոլիոմիելիտ, սուր վարակիչ հիվանդություն, պայմանավորված է ողնուղեղի գորշ նյութի բորբոքումով։ Հիվանդության հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է։ Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Վարակը հիվանդ մարդուց փոխանցվում է օդակաթիլային և սննդային ճանապարհներով։ Վիրուսն ունի նյարդալուծիչ հատկություն և անկախ թափանցման ուղիներից ֆիքսվում է ողնուղեղի գոտկային, հազվադեպ՝ պարանոցային հաստուկի առաջային եղջյուրներում։ Գաղտնի շրջանը 9-ից 14 օր է, ընթանում է ընդհանուր թուլությամբ, ախորժակի կորստով, գլխացավերով և քնի խանգարումով։ Պոլիոմիելիտը ընթանում է կլինիկական չորս շրջանով՝ նախալուծանքային (պրեպարալիտիկ), լուծանքային (պարալիտիկ), վերականգնման և մնացորդային երևույթների։ Նախալուծանքային շրջանը տևում է 2-ից 7 օր։ Հիվանդությունն սկսվում է բարձր ջերմաստիճանով (38—40 °C)։

Փայտացում: Ինֆեկցիա է, որը բնորոշվում է մկանների սպազմով: Ամենաբնորոշ ձևում սպազմը սկսվում է ծնոտից և տարածվում ամբողջ մարմնի վրա: Այս սպազմները սովորաբար տևում են րոպեներ և հաճախակի են լինում 3-ից 4 շաբաթվա ընթացքում: Սպազմերը կարող են լինել այնքան ուժեղ, որ նույնիսկ կարող են կոտրվածքներ առաջացնել: Այլ ախտանիշներից են տենդը, ինտենսիվ քրտնելը, գլխացավը, կուլ տալու դժվարությունները, արյան բարձր ճնշումը և տախիկարդիան: Ախտանիշները սկսում են ի հայտ գալ վարակումից 3-21 օր հետո: Վերականգնումը կարող է տևել ամիսներ: Դեպքերի 10%-ը ավարտվում է մահով:

Դիֆթերիա: Վարակային հիվանդություն, որն առաջանում է Corynebacterium diphtheriae բակտերիայի կողմից։ Ախտանիշներն ու ախտանշանները կարող են դրսևորվել թեթև ու ծանր աստիճաններով։ Սովորաբար ախտանիշները ի հայտ են գալիս վարակվելուց 2–5 օր հետո, առաջանում են աստիճանաբար, սկսվում են կոկորդի ցավով ու տենդով։ Ծանր դեպքերում կոկորդում առաջանում է մոխրագույն կամ սպիտակ փառ։ Այն կարող է փակել շնչառական ուղիները և առաջացնել հաչացող հազ։ Կարող է առաջացնել հետևյալ բարդությունները՝ սրտամկանի բորբոքում(միոկարդիտ), նյարդերի բորբոքում, երիկամի հետ կապված խնդիրներ և արյունահոսություն՝ թրոմբոցիտների քանակի քչացման պատճառով։ Միոկարդիտը կարող է հանգեցնել սրտի ռիթմի խանգարման, իսկ նյարդաբորբը՝ պարալիզի։

Գայանե Ակոջյան