Ազավրեթ գյուղում, ի տարբերություն Ջավախքում հայտնի ջանջուլով փըլվըրին, մասուրով ջեմ են եփում, որն առանձնանում է իր համային տեսակով ու պատրաստման եղանակով:

Ջավախքում ջեմին փըլվըր են ասում: Քիշմիշ տատն Ազավրեթ գյուղից պատմում է, որ ավանդաբար իրենց գյուղում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասուրով ջեմ են պատրաստում:

1

«Մասուրը հավաքում ենք անտառից, մեր հանդերից, բերում ենք տուն՝ լվանում ենք և կրակի վրա խաշում, այնուհետև մաղով անցկացնում, մի քանի անգամ քամում, որպեսզի մասուրի թեփուկները և մազերը չանցի ջեմի մեջ: Հետո արդեն օջախի վրա մի օր եփում են այնքան, մինչև այն պնդանա»,- պատմում է Քիշմիշ տատը:

masur

Վերջինս ավելացնում է, հեշտ գործ չի, սակայն մասուրով ջեմի համն ամեն ինչ արժի: Մասուրով ջեմը պատրաստելու ընթացքը մի ամբողջ օր է տևում: Քիշմիշ տատն առավոտյան կրակ է վառում, արդեն քամած մասուրը և շաքարավազը լցնում է կաթսայի մեջ, և հենց այն սկսում է եռալ՝ անընդհատ խառնում է փայտե խառնիչով: Հակառակ դեպքում, ինչպես Ջավախքում են ասում՝ “փլաքին տակը կըպիկը ու ջեմեն խանծրմա հոտ քուքա”:

Քիշմիշ տատը վստահեցնում է, որ իր պատրաստած ջեմի համն ու հոտն ուրիշ է:

«Շատ համով է, փորձեք և համը բերանդ կմնա: Ես ջեմից բացի նաև փըստիլ (պաստեղ) եմ սարքում, շատ համով է, վիտամիններով հարուստ, առողջ ու սննդարար ուտելիք է»,- ավելացնում է Քիշմիշ տատը:

masurner

Մասուրի ջեմ պատրաստելու համար անհրաժեշտ է 1կգ մասուր և 1-2 կգ շաքարավազ։ Մասուրն աղալ մսաղացով, այնուհետև ստացված խյուսի վրա ավելացնել 1,5-2 կգ շաքարավազ և լավ խառնել մինչև միատարր զանգված ստանալ և եփել կրակի վրա մինչև պնդանալը։

gdal

Աղունիկ Այվազյան