Վերջերս զբոսաշրջիկների համար նոր, հետաքրքիր և բազմերանգ վայր բացահայտվեց՝ Դաշբաշի ջրվեժը։ Այն գտնվում է Ծալկայի մունիցիպալիտետի Դաշբաշ գյուղի մոտակայքում, ծովի մակարդակից 1110-1448 մետր բարձրության վրա:

Դաշբաշի ջրվեժը պատկանում է պահպանվող տարածքների գործակալությանը՝ Ալգեթիի ազգային զբոսայգուն։ Ջրվեժ տանող ճանապարը վերանորոգվել է 2017 թվականին, որի համար ծախսվել է 372 հազար լարի: Հիմա այնտեղ զբոսաշրջիկների պակաս չի զգացվում, քանզի պետությունը որոշել է այն դարձնել ավելի հետաքրքիր և գրավիչ։

dashbash get

Վերջերս իր ընկերների հետ Դաշբաշ այցելած Արտաշ Մակարյանը կիսվում է իր տպավորություններով․ «Հիանալի վայր է հանգստանալու համար, օդը՝ մաքուր, երկինքը՝ ջինջ։ Ջուրը շատ սառն է, իսկ ջրվեժի մասին խոսք չկա, շատ գեղեցիկ է»,- ասում է Արտաշը։

kamurj

2020 թվականի հուլիսին զբոսաշրջիկներին Դաշբաշը էլ ավելի կգրավիչ կդառնա։ Ջրվեժի բարձրունքին, կիրճում կկառուցվի ապակյա կամուրջ, որի մեջտեղում գետնից 200 մետր բարձրության վրա բար կկառուցվի։ Միայն կամրջի կառուցման համար կծախսվի 15 միլիոն դոլար։ Կամրջից բացի նախագիծը ներառում է նաև զիպ-լայնի, հյուրանոցի և ռեստորանի կառուցում։

Կբարեկարգվի տարածք երաժշտական փառատոններ անցկացնելու համար, որին կկարողանան մասնակցել մինչև 100 000 մարդ։ Նախագիծն իրականացնում է Kass Lend հրեական ընկերությունը։

tsalka canyon

Դաշբաշի այցելուներն արդեն տեղյակ են ծրագրի մասին և անհամբեր սպասում են, որպեսզի ևս մեկ անգամ այցելեն այնտեղ։

«Գնացի ընտանիքիս հետ, շատ գեղեցիկ վայր է։ Բիլբորդից տեղեկացանք, որ ապակյա կամուրջ կկառուցվի, ևս մեկ անգամ կայցելենք բարձրունքից վայելելու ջրվեժը»,- պատմում է Մարտիրոսը։

Կամրջի շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են։

shinararutyun

Գայանե Ակոջյան