Երեկ գիշերը Ախալքալաքի Ջիվանի թաղամասում բեռնատար մեքենան դուրս է եկել Կարզախի մայրուղուց դեպի նախկին զինվորական ավանը կապող հետիոտնային կամուրջը և բախվել գազատար խողովակագծին: Ախալքալաքի մի հատվածում գազամատակարարումը դադարեցված է՝ գազատար խողովակագծում տեղի ունեցած վթարը վերացնելու համար:
Ժամը 2:54-ին Ջիվանու թաղամասի բնակիչները զանգահարել են SJGC գազաբաշխիչ ընկերություն և հայտնել գազամուղի վթարի մասին: Ընկերության աշխատակիցները շտապ ժամանել են դեպքի վայր և անջատել Ջիվանի թաղամասի և Վաչիանի մայրուղու վրա գտնվող բոլոր բնակավայրերի գազամատակարարումը:
Ըստ SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանի, գազային ընկերության աշխատակիցներն այժմ աշխատում են վթարի վերացման ուղղությամբ:
«Հավանաբար երկու ժամից գազամատակարարումը կվերականգնվի: Այստեղ գետնափորիչ(էքսկավատոր) է անհրաժեշտ, մենք սպասում ենք», – ասաց Ռազմիկ Ղումաշյանը:
Ընկերությունում արդեն ակտ են կազմել, վարորդը խոստացել է փակել վթարի վերացման ծախսերը, ինչպես նաև գազի արտահոսքի բոլոր ծախսերը:
Բնակիչների խոսքով՝ բեռնատարի վարորդը հարբած է եղել: Բեռնասայլի վարորդին պատասխանատվության կենթարկեն թե ոչ, Jnews- ը պարզում է ՆԳՆ-ից: