Հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում անցկացվող բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությանը չենթարկվելու և անկարգություններին մասնակցելու համար ձերբակալված Սոսո Բաջելիձեի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:
Դատարանը բավարարել է Բաջելիձեի փաստաբանի միջնորդությունը, որը պահանջում էր որպես խափանման միջոց փոխել կալանավորումը՝ 5,000 լարիի չափով (ավելի քան 1,7 հազար դոլար) գրավով: Որպես լրացուցիչ պատժամիջոց՝ դատարանն արգելել է Բաջելիձեին լքել երկիրը:
Այն բանից հետո, երբ Բաջելիձեն դատավարության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել և նա ազատ է արձակվել դատական դահլիճից:
Բաջելիձեին մեղադրանք է ներկայացվել և ենթարկվել քրեական պատասխանատվության հուլիսի 17-ին:
Հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ինքնաբուխ բողոքի ցույց էր սկսվել, որպես արձագանք Ռուսաստանի կոմունիստ-պատգամավոր Սերգեյ Գավրիլովի խորհրդարանում ունեցած ելույթին, որը կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների կողմից Թբիլիսի էր հրավիրվել, որպես Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի համանախագահ:
Ընդդիմության ներկայացուցիչները վրդովված էին, որ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Մի քանի ժամվա ընթացքում խորհրդարանի մոտ հավաքվել էր առնվազն 7 հազար մարդ, ովքեր արտահայտում էին իրենց վրդովմունքը: Ժամը 22:00-ի սահմաններում ակցիան վերածվեց անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները փորձում էին քանդել ոստիկանական պատնեշը: Մի քանի տասնյակ ոստիկաններից խլել են վահաններն ու մահակները: Արդյունքում, ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Ուժգին բախման արդյունքում վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` 30 լրագրող: Ծանր մարմնական վնասվածքներ են ստացել տասնյակ մարդիկ, երկու երիտասարդ կորցրել են տեսողությունը:
Հունիսի 20-ի դեպքերի պատճառով քննությունը սկսվել է երկու ուղղությամբ: Դրանցից մեկը «ոստիկանության կողմից ուժի չարաշահումն է», երկրորդը՝ «խմբային բռնության կազմակերպում, դրան առաջնորդություն կամ մասնակցություն» և «ապստամբություն՝ սահմանադրական կարգը հարկադրաբար փոխելու, Վրաստանի պետական իշխանությունը տապալելու կամ գրավելու համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»:
Երկրորդ գործի շրջանակներում, միայն անկարգություններին մասնակցելու և ոստիկանության դեմ ուժի կիրառման համար բերման են ենթարկվել հանրահավաքի 17 մասնակից, որոնցից 15-ը գտնվում են կալանքի տակ, իսկ երկուսը (այդ թվում՝ Բաջելիձեն) գրավի դիմաց ազատ են արձակվել:
Ցուցարարների ուղղությամբ նշանառու կրակոց արձակած ոստիկաններից ոչ ոք դեռևս ձերբակալված չէ, նրանցից մի քանիսի լիազորությունները դադարեցրել են: