Արփի Գաբրիելյանը լուսանկարիչ է, որը հայտնի է Ջավախքի բնության ֆոնի վրա իր դիմանկարներով: Արփինեն կարողացել է ակներևաբար ցույց տալ, թե որքան գեղեցիկ է իր հայրենիքը: Նա Jnews-ի հետ հարցազրույցում պատմեց այն մասին, թե ինչն է իրեն կապում Ջավախքի հետ:
Արփինե Գաբրիելյան
Արդեն 5 տարի է լուսանկարչությունը Արփինեի համար մշտական աշխատանք է համարվում, բայց դրանով զբաղվել նա սկսել է շատ ավելի վաղ: Աղջկա խոսքով՝ Ռուսաստանում երկար բնակվելուց հետո նա շատ էր կարոտում Ջավախքը, ու երբ վերադարձավ հայրենի երկիր, փորձում էր պատկերել այն ամենը, ինչ իրեն շրջապատում էր:
«Ամեն ինչ սկսվեց հեռավոր 2006 թ.-ին, երբ սկսեցի սաստիկ կարոտել հայրենիքս: Ես ապրում էի Ռուսաստանում և իսկապես կարոտում էի հայրենիքս: Իմ աչքերի առջև մեր լեռներն ու յուրահատուկ բնապատկերներն էին, որոնք ես սիրել եմ դեռ մանկուց: Ես երազում էի ունենալ գոնե մի քանի լուսանկար այդ բնապատկերների կողքին, ու երբ ինձ հայրենիքից լուսանկարներ էին ուղարկում, ես բազում անգամներ նայում էի ու հիանում մեր լեռների յուրաքանչյուր կտորով: 2008-ին, 9 տարի բաժանումից հետո, ես վերջապես կրկին վերադարձա հայրենի Ջավախք: Ունեի փոքր տեսախցիկ, բայց նկարում էի ինձ շրջապատող ամեն ինչ»,-պատմում է լուսանկարիչը:
Արփին լուսանկարչական հիմնական ուսումը ստացել է Ռուսաստանում: Նա սկսել է հաճախել իր առաջին դասընթացները համալսարանի առաջին կուրսում՝ գրեթե 10 տարի առաջ: Այնուհետև նա դասեր է ստացել Ռուսաստանի լավագույն լուսանկարիչներից՝ Իրինա Նեդյալկովայից, Օլգա Ստիրովայից, Դիանա Ալեքսանդրովայից:
Աղջկա խոսքով՝ նրա ուսումը դեռ չի ավարտվել և նրան առջևում դեռ շատ ծրագրեր են սպասում: Արփի Գաբրիելյանը խոստովանում է, որ իր սիրած ժանրերը մանկապատանեկան և ընտանեկան լուսանկարներն են:
«Իմ ճանապարհի սկզբում ես փորձել եմ լուսանկարել տարբեր ժանրերում: Լուսանկարել եմ բնապատկերներ, կենդանիներ, գիշերային լուսանկարներ, գեղանկարներ, վավերագրական լուսանկարներ (որոնց ես իսկապես ուզում եմ վերադառնալ) և այլն: Բայց հիմա ես կանգ եմ առել երեխաների և ընտանեկան լուսանկարչության վրա: Ինչու՞, հիմա դժվար է պատասխանել այս հարցին, հավանաբար այն պատճառով, որ երջանիկ ընտանիքները շատ են ցանկանում հավերժանալ լուսանկարների միջոցով», – կիսվում է Արփինեն:
Չնայած այն հանգամանքին, որ աղջիկը սիրում է լուսանկարել մարդկանց, նրա ոգեշնչման հիմնական աղբյուրը մնում է մայր բնությունը: Նա նկարահանման համար ունի շատ սիրված վայրեր, այդ թվում` Հայաստանում և Վրաստանում:
«Կան շատ սիրված վայրեր, բայց կան, իհարկե, իմ ամենասիրելիները: Ես սիրում եմ Արարատյան դաշտավայրը, երբ այն զարթոնք է ապրում, ծաղկում է, դա աննկարագրելի գեղեցկություն է, ինչպես նաև սիրում եմ լուսանկարել Գումբուրդո գյուղի ժայռի եզրին: Ես սիրում եմ այդ վայրերը հենց նրանց անսովորության և էներգետիկայի շնորհիվ, և բոլոր նրանք, ովքեր ինձ հետ եղել են այս վայրերում, ասում են նույնը», – պատմում է Արփինեն:
Անմիջականորեն Ջավախքի հետ նրան կապում է ոչ միայն նրա մասնագիտական հետաքրքրասիրությունը, այլև նրա ծագումը: Արփինե Գաբրիելյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղում, և նրա համար սա նկարահանումների ամենագեղեցիկ վայրն է:
«Ամենաշատը սիրում եմ լուսանկարել Ջավախքում, և ես չեմ փոխարինի իմ հայրենիքի անկրկնելի գեղեցկությունը ոչ մի այլ վայրի հետ: Ինձ շատ է դուր գալիս այն, որ ամենից գեղեցիկը շատ ավելի մոտիկ է՝ լեռներ, գետեր, դաշտեր, լճեր, կենդանիներ: Ամեն ինչ կարելի է գտնել մեր փոքրիկ Ջավախքում», – խոստովանում է լուսանկարիչը:
Ըստ նրա, իր բոլոր հաճախորդներին նա նույն կերպ է սիրում, նա շատերի հետ ընկերություն է անում և շատ ընդհանրություններ գտնում, բայց առանձնահատուկ հարաբերություններ ունի ջավախքցիների հետ:
Չնայած այն հանգամանքին, որ նա հաճախ է փոխում իր բնակության վայրը, Արփին Ջավախքը իր տունն է համարում:
«Տան մասին… երբ ինձ տալիս են այս հարցը, սովորաբար ես պատասխան չեմ գտնում: Վերջին երկու տարիները մենք ապրում էինք Իրանում: Իհարկե, հետաքրքիր է ապրել տարբեր երկրներում և քաղաքներում, բայց ես միշտ ասում եմ. Քո տունն այնտեղ է, որտեղ դու ծնվել ես, այնպես որ իմ տունը իմ Ջավախքն է»:
Այս պահի դրությամբ Արփին լուսանկարչությունից բացի այլ բանով չի զբաղվում: Ընտանիքի և երեխաների հետ զուգահեռ, միայն դրա համար է ժամանակը հերիքում:
Ըստ նրա, իր մասնագիտության մեջ կան շատ նրբություններ, բայց հիմնականներից մեկը լույսի հետ ճիշտ աշխատելու ունակությունն է, ճիշտ հաշվարկել լուսանկարելու ժամանակը, կարողանալ լույս տեսնել և զգալ: Նրա համար ամենադժվարն այն է, որ երբեմն երեխաների հետ ընդհանուր լեզու գտնելը շատ բարդ է, պետք է մի կերպ համոզել նրանց լուսանկարվել, ինչպես նաև հագուստը և վայրեր ընտրելը:
«Ինձ դուր է գալիս այն, որ երբ սկսում ես լույսը տեսնել, աշխարհը կարծես վերափոխվում է, ես հատկապես սիրում եմ մայրամուտի լույսը, այդ ժամանակ ինչ-որ կախարդական բան է կատարվում»,- ասում է Արփինեն:
Արփի Գաբրիելյանը կարծում է, որ այն մարդը, ով զբաղվում է լուսանկարչությամբ, պետք է ի ծնե ստեղծագործական տաղանդ ունենա:
«Իհարկե, ջանասիրությունն ու քրտնաջան աշխատանքը կատարում են իրենց գործը, բայց եթե ի ծնե մարդը ստեղծագործ չէ, իհարկե, նա չի ընտրի այս մասնագիտությունը, կամ նա չի լինի հաջողակ, քանի որ լուսանկարչությունը, ըստ իս, ստեղծագործ մարդու մասնագիտություն է»,- կիսվում է նա:
Հոդվածում մեջբերված լուսանկարների բոլոր հերոսները ջավախքցի են: Լուսանկարներն արվել են Արփի Գաբրիելյանի սիրելի վայրերում` Գումբուրդո գյուղում և Արարատյան դաշտավայրում:
Ամալյա Բաբայան