Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է տվել կառավարությանը նախկին ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ։
Գախարիայի օգտին է քվեարկել 150 պատգամավորից 98-ը։ Այդպես, նրանք հաստատել են նոր վարչապետին, կառավարության նոր կազմն ու կառավարության ծրագիրը։ Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
Գախարիան Վրաստանի հինգերորդ վարչապետն է 2012 թվականին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր հրաժարականի մասին՝ բացատրելով իր որոշումը, որ կատարել է իր ողջ առաքելությունը։
Ըստ օրենքի, Վրաստանում վարչապետի թեկնածու կարող է առաջադրել խորհրդարանական մեծամասնությունը, տվյալ դեպքում՝ «Վրացական երազանքը»։ Դրա հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին չի թաքցրել, որ իր նախաձեռնությունն է հենց Գախարիայի թեկնածությունն առաջադրել վարչապետի պաշտոնում։ Այդ որոշումը քննադատել էր ընդդիմությունը և նրա կողմնակիցները։ Գախարիան ամենահայտնի նախարարներից է, Թբիլիսիում հակառուսական ակցիաները ցրելուց հետո ցուցարարները սկսել էին պահանջել նրա հրաժարականը ներքին գործերի նախարարի պաշտոնից։