Մի քանի օր է, ինչ Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է, աշխատանքները դեռ չեն հանձնվել Ախալքալաքի շրջանի քաղաքապետարանին, սակայն ասֆալտի վրա հայտնվել են մեծ և փոքր ճեղքեր:

Կարտիկամ և Բավրա գյուղերի բնակիչները դժգոհում են անորակ ասֆալտապատ ճանապարհներից: Բավրա գյուղի տարածքում գտնվող երեք վայրերում ձևավորվել են մեծ ճեղքեր, ինչպես նաև փոքրիկ ճաքեր՝ ասֆալտի բազում հատվածներում:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է ընդամենը մի քանի օր առաջ, վերջին օրերի ընթացքում ճանապարհը գծանշվել է:

Ինչպես մեզ տեղեկացրին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանից, «Բավրա-Կարտիկամ» ճանապարհահատվածի վրա աշխատանքները դեռ ավարտված չեն: Ենթակառուցվածքային ծառայության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի խոսքով՝ իրենք չեն ընդունել աշխատանքը և չեն ընդունի այն, եթե այն թերություններով է:

«Մենք այս վիճակում չենք ընդունի ճանապարհը, սա ընկերության գործն է, նրանք պետք է շտկեն դա», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:

Asfalt 1

«Արալի» ընկերության ներկայացուցիչը՝ Դեմետրե Տատեիշվիլին, որն իրականացրել է «Բավրա-Կարտիկամ» ճանապարհի ասֆալտապատումը, չգիտեր, որ ասֆալտը ճեղքվել է:

«Ես չգիտեմ, թե ինչ է պատահել, վաղը կիմանամ և կտեղեկացնեմ ձեզ», – ասում է նա:

Գյուղացիներն ասում են, որ առաջին իսկ օրվանից ենթադրում էին, որ այդպես էլ լինելու է: Նրանք անընդհատ պահանջում էին, որ այս ճանապարհին գցվի բարձրորակ ասֆալտ: Բնակիչները նշում են՝ անորակ ասֆալտապատումին գումարվեց տվյալ ճանապարհով ծանր բեռնատարներով Աբուլի քարհանքից ավազ տեղափոխելը, ինչի արդյունքում նորակառույց ճանապարհն արդեն փչացել է և ճաքեր տվել:

«Անորակ ասֆալտին գումարած 45 տոննա ծանրաբեռնվածությունը, իհարկե, ճանապարհը կփչանար», – ասում է Բավրա գյուղի բնակիչը:

Asfalt 2

15 տոննա քաշ ունեցող բեռնատարները պատկանում են «Ջավախ Ավտո Գզա»-ին: Փոխադրվող բեռի ծանրությունն ավել է սեփական քաշից` մոտ 30 տոննա, ինչը մեծացնում է ասֆալտի վրա ծանրաբեռնվածությունը: Գյուղի բնակիչները վերջերս բողոքում էին, որ բեռնատարները պետք է գոնե նվազեցնեն փոխադրվող բեռի ծավալը՝ գիտակցելով, որ անհնար է ամբողջությամբ դադարեցնել դրանց շարժը:

Բավրա-Կարտիկամ ճանապարհի ասֆալտապատման և կամրջի կառուցման համար հատկացվել է 1,048,150 լարի, սակայն հաղթողը տենդերը շահել է 1 006 224 լարիի չափով: Ասֆալտապատման տենդերը շահել է «Արալի» ընկերությունը:

Բրատիսլավ Իգիթխանյան