Ըստ հին ու բարի ավանդույթի՝ Ախալքալաքի բնակիչները նշում են իրենց տարբեր առիթները Նաքալաքևիի լողավազաններ ուղևորությամբ, կամ, ինչպես ընդունված է այստեղ անվանել՝ Նակալայում (վրաց. Նիկալա): Բացի ժամանցից, այս ջրերը այցելուների մեծամասնությանը հնարավորություն են տալիս համատեղել հաճելին օգտակարի հետ և իրենց ժամանցը անցկացնել մարմնին օգտակարություններ պարգևելով:

Նակալայի բուժիչ ջրերը տեղակայված են Ախալքալաքից 36 կմ հեռավորության վրա, Նաքալաքևի գյուղում: Լողավազանների ճանապարհն ընկած է XII դարի Խերթվիսի ամրոցի կողքին, որը գրավում է իր հնությամբ, վեհությամբ և անառիկությամբ:

nakala

Ամրոցից հետո ճանապարհը թեքվում է ձախ, և որոշ ժամանակ անց այցելուն մտնում է լողավազանների տարածք, որոնք առաջին հայացքից նման չեն բուժիչ ջրերի:

nakala15

Չնայած արտաքուստ աններկայանալի շինություններին՝ «Գենո» համալիրը գրավում է իր կանաչապատմամբ, հարմարավետ տաղավարներով, երեխաների համար նախատեսված խաղահրապարակով և լավ հագեցած հյուրանոցով, որը կատարյալ է գիշերակացով եկածների համար: «Գենո» հյուրանոցում կարելի է հարմարավետ համար ամրագրել հանրահայտ Booking.com տուրիստական պորտալի միջոցով:

nakala13

nakala11

Համալիրում կա 7 լողավազան, ռուսական բաղնիք և հյուրանոց: Ցանկացողների համար կա նաև լեռնագնացության ծառայություն, որը հատուկ մեքենայով կազմակերպում է հիմնարկի սեփականատերը՝ Թենգիզ Օթանաձեն: Համալիրում աշխատողներ չկան, սա ընտանեկան բիզնես է, որը վարում են Թենգիզը և նրա մայրը՝ բոլորի համար քաջ հայտնի Զոյա դեդան:

nakala12

nakala4

Սեփականատիրոջ խոսքով՝ լողավազաններում ամբողջ տարվա ընթացքում այցելուներ կան: Ամռանը օրվա ընթացքում հավաքվում է մինչև 50 մարդ, ձմռանը` մինչև 30: Մեկ այցելուի մուտքն արժե ժամը 5 լարի, իսկ ռուսական բաղնիքի համար` 10 լարի: Ուղևորությունը դեպի լեռներ զբոսաշրջիկների համար կարժենա մոտ 80-100 լարի:

«Մարդիկ գալիս են Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, կան արտասահմանյան համարներով մեքենաներ էլ՝ Լատվիայից, Լիտվայից և այլն: Լինում է, որ տեղի բնակիչները բերում են իրենց հյուրերին այս տեղը ցույց տալու համար», – պատմում է նա:

nakala14

nakala7

Նակալա գալու ավանդույթը գոյություն ունի արդեն 30 տարի, որքան գործում է հիմնարկը: Ախալքալաքի և գյուղերի երիտասարդները` ժամանցի հնարավորություններ և վայրեր չունենալու պատճառով, հաճախ են գալիս Նակալա՝ լողավազաններում լողանալու համար: Նաև շատ տարածված են ընտանեկան այցելությունները Նակալա:

nakala8

Ջուրն այստեղ հոսում է գետնի տակից: Ցածր հանքայնացված ջերմային աղբյուրները կիրառվում են հենաշարժիչ համակարգի, նյարդային համակարգի, ռևմատիզմի, աղային կուտակումների, գինեկոլոգիայի և այլ հիվանդությունների բուժման համար: Ըստ Թենգիզի, այցելող մարդիկ հավատում են, որ ջուրն իսկապես լավ է առողջության համար, և ինքն էլ է դրանում համոզված:

nakala5

Ամալյա Բաբայան