Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում լսվում էր Կիմ Կուղոյանի գործը, որը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու և պահելու մեջ: Դատավարությունը հետաձգվեց մեղադրյալի փաստաբանի բացակայության պատճառով:
Դատական նիստը վարում էր դատավոր Արարատ Եսոյանը, իսկ մեղադրական կողմը ներկայացնում էր դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն: Կիմ Կուղոյանի նոր փաստաբան՝ Նոդար Օկոպաշվիլին բացակա էր:
Կիմ Կուղոյանի նախկին փաստաբան Իրակլի Բարձիմաձեն հանկարծամահ է եղել: Կիմ Կուղոյանի ծնողները վարձել են նոր փաստաբանի՝ Նոդար Օկոպաշվիլուն, որը չի կարողացել ներկայանալ դատական նիստին: Այդ պատճառով Կիմ Կուղոյանը խնդրեց դատական նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 23-ը, ժամը 13: 00-ն:
Կիմ Կուղոյանի մայրը՝ Արաքսիա Պանգրատյանը վրդովված է այն փաստից, որ դատական նիստի ընթացքում գործընկերները մեկ րոպե լռությամբ չեն հարգել փաստաբան Իրակլի Բարձիմաձեի հիշատակը:
Կիմ Կուղոյանը մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (3-րդ և 4-րդ կետեր), որը ենթադրում է հրազենի ապօրինի ձեռքբերում, պահում և կրում: Այս հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում:
Կիմ Կուղոյանը ձերբակալվել է 2019 թվականի մայիսի 24-ին, ժամը 14: 00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում՝ Խաս Բախչա պուրակի մոտ, Հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների կողմից:
Շուշան Շիրինյան