Վարևան գյուղում բողոքում են խմելու ջրի մշտական պակասից: Այստեղ դրանում մեղադրում են հարևան գյուղերի բնակիչներին, որոնց տարածքով անցնում է ջրագիծը: Նոր ջրագծի կառուցման նախագիծը ընթացքի մեջ է:

Ախալքալաքի շրջանի Վարևան գյուղում խմելու ջրի խնդիրը գոյություն ունի վաղուց: Գյուղում կա 160 տնտեսություն:

Վարևանի ջրի խնդիրը դեռ մնում է չլուծված

Վարևանում չունեն ամենակարևորը

«Կոթելիա, Էխտիլա, Բարալեթ գյուղերը «նստած են» մեր ջրագծի վրա, և ջուրը մեզ չի հասնում: Երբ մենք բողոքում ենք, մեզ վախեցնում են: Սկզբից ջրամատակարարման գիծը սխալ է կառուցվել, անհրաժեշտ էր ջրագիծն անցկացնել գյուղերի ծայրամասով, որպեսզի բնակիչները չկարողանային գողանալ: Հիմա գիծն անցնում է այդ գյուղերով: Ես ավանակով ջուրը կրում եմ հարևան գյուղից: Մենք արդեն հոգնել ենք բողոքելուց », – դժգոհում է գյուղի բնակիչ Մանուկ Վարդևանյանը:

Բնակիչներից մեկը պնդում է, որ իրեն, բողոքի համար, վախեցրել են տուգանքով:

«Ինձ ասացին, որ կտուգանենք 500 լարիով, և մենք դադարեցինք բողոքել, կապ չունի թե դու ճիշտ ես, թե ոչ, եթե վախեցնում են, ապա լռում ես: Մենք ամբողջ գյուղով չպիտի մասնակցենք ընտրություններին, որպեսզի ղեկավարությունը ուշադրություն դարձնի մեր վրա: Հիմա ոչ ոք չի մտածում մեր մասին: 20 տարի է մեր գյուղում ջուր չկա, ու ամեն անգամ ընտրություններից առաջ խոստանում են լուծել այդ խնդիրը », – դժգոհում է նա:

Չորս տարի առաջ վարևանցիները նամակով դիմել էին Էկոնոմիկայի նախարարությանը և նահանգապետարան: Գյուղացիների խոսքով, նախարարությունից նրանց պատասխանել են, որ իրենք իրավունք չունեն մեղադրել այլ գյուղերի բնակիչներին խմելու ջուրը օգտագործելու մեջ, նահանգապետից էլ նրանք ստացել են համարյա նույն պատասխանը:

« Երկու անգամ դիմել ենք նահանգապետարան, նահանգապետն ասաց, որ այս գյուղերն այս գծի վրա են գտնվում և կարող են օգտագործել այն, եթե նրանք դրա կարիքն ունեն, նրանք չեն կարող որևէ մեկին արգելել օգտագործել ջուրը: Նա նաև ասաց, որ իրենք հին գծի հետ ոչինչ չեն կարող անել և մեզ համար նոր գիծ կկառուցեն », – ասում է Մարտին Մանասյանը:

Գյուղի բնակիչները պնդում են, որ ջրամատակարարման այս գիծը կառուցվել է միայն Վարևան գյուղի համար, բայց գյուղապետը հակառակն է ասում:

«Այս ջրագիծը կառուցվել է 4 գյուղի համար, ոչ միայն մեզ համար, այլ նաև էխտիլա, Բարալեթ, Կոթելիա գյուղերի համար: Այո, իսկապես, նահանգապետն ասել է, որ եթե այդ գյուղի բնակիչները կարիք ունեն նրանք չեն կարող արգելել նրանց դրանից օգտվել: Նրանք նոր գիծ են կառուցելու մեզ համար: Ջրամատակարարման գծի վրա ձկնային որևէ տնտեսություն չկա: Այո, ջուրն իսկապես տարված է գոմեր, բայց դա նշանակություն չունի, ոռոգման ժամանակ ջրի ճնշումը ամենուրեք իջնում է », – ասում է Վարևան գյուղի լիազոր Միշա Ստեփանյանը:

Գյուղում երկու աղբյուր կա, որտեղից բնակիչները կրում են ջուրը, բայց անտեղ էլ միշտ չէ որ ջուրը հոսում է:

Վարևան գյուղի ջրագիծը կառուցվել է 2010 թ.: Այդ ժամանակ ծախսվել է մոտ 180 000 լարի: Այդ ժամանակ գյուղի լիազորը Քերոպ Աբադջյանն էր: Գյուղացիները նրան մեղադրում են նրանում, որ ջրագիծն անցկացվել է այլ գյուղերով, և ոչ թե բնակելի տարածքներից հեռու: Քերոպ Աբաջյանը կարծում է, որ եթե ջրամատակարարման համակարգը կրկին անցնի գյուղերով, իրավիճակը նույնն է լինելու, խմելու ջուրը նորից օգտագործվելու է ոռոգման համար:

«Սա մեր գիծն էր, պարզապես ղեկավարությունը թույլ էր տվել, որ այդ գյուղերն էլ օգտվեն դրանից, նրանք չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ այդ բնակիչների հետ, որպեսզի ընտրությունների ժամանակ ստանան նրանց ձայները», – ասում է Քերոպ Աբաջյանը:

Այս տարի մունիցիպալիտետը ջրամատակարարման նոր գծի նախագծի կառուցման համար հայտարարել է տենդեր: Նոր ջրագիծը կկառուցվի երկու փուլով և դրա համար հատկացված է 400 000 լարի:

« Նոր ջրագծի հեռավորությունը 22 կմ է, Մենք այն քաշելու ենք Սամսարից: Նախագծողի հետ մենք մի ամիս անցել ենք այդ տեղերով: Որտեղից հարմար կլինի, այնտեղից էլ կքաշեն նոր գիծը: Այն չի անցնի այդ գյուղերի միջով, բայց միևնույն է կանցնի դրանց տարածքներով: Նոր ջրագիծը կլինի միայն մեր գյուղի համար, և, եթե ջուրը նորմալ հոսի, այն լրիվությամբ մեր գյուղը կապահովի», – ասում է Միշա Ստեփանյանը:

Շուշան Շիրինյան