Սեպտեմբերի 9-ից Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում կսկսի գործել նոր մանկապարտեզ, նախկին ալտերնատիվի փոխարեն: Նախնական տվյալներով, մանկապարտեզում նախադպրոցական կրթություն և խնամք կստանա ավելի քան 50 երեխա:

Կուլիկամ գյուղում չորս տարի տևած մանկապարտեզի շենքի կառուցումը վերջապես ավարտված է: Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրինությունից հայտնում են, որ այս տարի նախակրթարանի գործնեության համար նախատեսված գումար չունեին, սակայն տնտեսումների հաշվին կարողացել են միջոցներ հատկացնել:

«Ճիշտն ասած այս տարի նախատեսված չէր Կուլիկամի մանկապարտեզի բացումը: Տեսնելով, որ շուրջ 35 երեխա Կուլիկամից քաղաքի մանկապարտեզներ են հաճախում, իսկ քաղաքի երեխաները դուրս են մնում: Հաշվարկեցի, այստեղից այնտեղից կտրելով և տնտեսումների հաշվին կարողացա անհրաժեշտ միջոցներ հայթհայթել և երկուշաբթի օրվանից մանկապարտեզը կսկսի գործել», – ասաց Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը:

Նորակառույց շենքում նախակրթարանի նորմալ գործնեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են՝ սկսած կահույքից մինչև խաղալիքներ: Նախակրթարանում կբացվի երկու խումբ՝ 50 երեխայով ու 7 աշխատակցով:

Առաջիկա երկու օրերի ընթացքում Միավորման տնօրինությունը կհայտարարի հարցազրույցն անցած աշխատակիցների անունները, որոնք պաշտոնապես գործի կանցնեն սեպտեմբերի 9-ից:

Այսօրվա դրությամբ Կուլիկամ գյուղում գործող ալտերնատիվ մանկապարտեզ է հաճախում ընդամենը 13 երեխա, իսկ քաղաքի մանկապարտեզներ են հաճախում 35 երեխա: Սեպտեմբերի մեկով քաղաքի մանկապարտեզներն այլևս չեն ընդունի Կուլիկամ գյուղի երեխաներին:

«Ես շնորհակալ եմ ալտերնատիվ մանկապարտեզի աշխատողներից, որոնք կարողացել են այդ դժվարին պայմաններում պահել ու պահպանել գյուղի մանկապարտեզը: Նրանք կշարունակեն իրենց աշխատանքը նոր շենքում: Հետագայում արդեն բոլորը թեստավորում կանցնեն, որպեսզի լիցենզիա ստանան մանկապարտեզում աշխատելու համար»,- ընդգծում է Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրենը:

Կուլիկամ գյուղի ալտերնատիվ մանկապարտեզը գործում է սկսած 2012 թվականից: Իսկ նոր շենքի կառուցումն սկսվել էր 2016 թվականին և ավարտին հասցվել միայն այս տարի:

Նշենք, որ Ախալքալաքի շրջանի գյուղերում և քաղաքում ընդհանուր առմամբ գործում է 12 մանկապարտեզ, որից երեքն ալտերնատիվ են՝ Խանդո, Կոթելիա և Կարտիկամ գյուղերում: Ընդհանուր առմամբ շրջանի մանկապարտեզներ են հաճախում շուրջ 900 երեխա: 2020 թվականին Նորակառույց մանկապարտեզ կունենան Սուլդա, Չունչխա գյուղերը: Հարկ է նշել, որ արդեն երկու տարի է Խուլգումո գյուղի մանկապարտեզը չի բացվում շենքում ջրի բացակայության պատճառով:

Շենքը վերջապես պատրաստ է, բայց մանկապարտեզը Կուլիկամում չի գործում

Կուլիկամի մանկապարտեզը մինչև վերջ կկառուցեն

Կուլիկամի նոր մանկապարտեզը կիսակառույց է

Աղունիկ Այվազյան