«Անել ավելին քան քեզնից պահանջում են, միշտ մի քայլ առաջ», – ահա այս սկզբունքով է առաջնորդվում մեր հերոսը: 18-ամյա Սևակ Գաբրիելյանն այս տարի է դպրոցն ավարտել, բայց արդեն հասցրել է որոշակի հաջողությունների հասնել, այդ թվում՝ ընդունվել Թբիլիսի մեկ և ստանալ ֆինանսավորում երկրորդ ԲՈՒՀ-ում։
Սևակ Գաբրիելյանն Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղից է։ Իր հաջողությունների մասին խոսելիս պատմում է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ YouTube-ի արծաթե կոճակ ստացավ։
«Ես ամեն կերպ ձգտում եմ գյուղից դուրս գալ, դա իմ նպատակն է, դրա համար էլ որոշել և քայլեր եմ արել», – համոզմունքով, որ գյուղը երեխաներին զարգացման ու առաջադիմելու մեծ հնարավորություն չի տալիս։
«Առաջին անգամ 14 տարեկան էի, երբ առաջին քայլերս արեցի և YouTube-ում ալիք բացեցի հայերեն լեզվով՝ հրապարակելով վիդեո-դասեր համակարգչի իմացության վերաբերյալ։ Հետո փոխեցի կատեգորիան և սկսեցի աշխատել ֆուտբոլի վրա»,- հիշում է Սևակը։
Երբ YouTube-ում Սևակի հետևորդների թիվն անցավ 100 000-ից, նա պարգևատրվեց YouTube-ի կողմից, իսկ այժմ իր ալիքին 700 000 հետևող ունի։
Գյուղից դուրս գալու ցանկությունն այնքան մեծ էր, որը Սևակը ջանք ու եռանդ չէր խնայում, իր նպատակին հասնելու: Մարդիկ իմացան պատանու մասին և նրա կապը քաղաքի հետ գնալով ամրապնդվեց:
Սևակը հպարտությամբ է պատմում, որ Jnews հաճախելը, մոնտաժ անելը, ինչպես նաև որոշ ժամանակ պրակտիկայի հաճախելը իր կյանքում շատ բան է փոխել: Նա արդեն հասցրել է նկարահանել իր առաջին հեղինակային՝ «Բլից Ախալքալաք» հաղորդումը։
Տեղեկանալով GIPA համալսարանի կողմից իրականացվող ծրագրի մասին, նա որոշում է կայացնում ոչ միայն մասնակցել միամյա կրթական ծրագրին, այլև լավ սովորել ու հաղթել:
«Որոշեցի ամեն ինչ անեմ, որ հաղթեմ, նպատակ դրեցի ու հասա։ Տանն ասեցի, որ նման ծրագիր կա, որը ֆինանսավորում է ուսման վարձը տվյալ համալսարանում և ծնողներս դեմ չեղան։ Շատ դժվարությունների եմ հանդիպել, ժամանակ եկավ, որ ես մի քիչ չափն անցել էի ու տանը մտածեցին, որ GIPA եմ գալիս, ոչ թե սովորելու, այլ քաղաքում ժամանակ անցկացնելու։ Բայց, երբ իմ ֆիլմը հաղթեց, ամեն ինչ հարթվեց»,- պամում է 18-ամյա պատանին, ով ընդունվել է GIPA համալսարան և անվճար սովորելու բացառիկ հնարավորություն։
Իր հաղթանակից հետո տուն վերադառնալը հպարտությամբ է հիշում պատանին․ «Ես ծնողներիս այդքան ուրախ երբևէ չէի տեսել և ուրախ էի, որ կարողացել եմ այնպես անել, որ ծնողներս հպարտանան, գլուխները չկախեն։ Հիմա էլ ամեն ինչ անում եմ, որ այդ հպարտությունը չկորի»։
Չնայած, այսպիսի հնարավորություն ունենալուն Սևակը ԲՈՒՀ ընդունվելու համար դիմել էր 1+4 ծրագրին։ Այստեղ ևս նա հաջողությամբ ընդունվել է Իլիայի պետական համալսարան, և մեկ վրաց լեզվի նախապատրաստական կուրսն ավարտելուց հետո պատրաստվում է տեղափոխվել GIPA համալսարան:
Որպես ապագա մասնագիտություն պատանին ընտրել է լրագրությունը։ «Ընտրեցի լրագրություն, որովհետև արդեն կապը շատ էր, որոշակի փորձ ունեի ու ինձ դուր է գալիս այն։ Լրագրողները շատ են շփվում մարդկանց հետ, ես էլ եմ սիրում մարդկանց հետ շփվել», – կիսվում է Սևակ Գաբրիելյանը։
Լրագրությունից բացի, Սևակին դուր է գալիս նաև ծրագրավորողի աշխատանքը, և Թբիլիսիում, համալսարանին զուգահեռ ցանկանում է նաև ծրագրավորման դասընթացների հաճախել։
Երիտասարդն իր հասակակիցներին ու հատկապես GIPA-ի ծրագրի դիմորդներին, խորհուրդ է տալիս, որ եթե որոշում են մասնակցել ծրագրին, ապա չպետք է գան միայն ժամանակ անցկացնելու նպատակով:
«Թող գան ինչ-որ բան սովորելու նպատակով, իրենց հետ տանելով գիտելիք, և որ ոչինչ չխնայեն իրենց երազանքներին հասնելու համար։ Պահ է եղել, որ որոշել եմ չգնամ, բայց հիշել եմ, հասկացել, ինչի եմ գալիս ու եկել եմ: Խոչընդոտներ եղել են, որոնց պատճառով կարող էի չգալ, բայց կարողացել եմ հաղթահարել: Թույլ չեմ տվել, որ խոչընդոտները պատճառ հանդիսանան չգալու: Ուզել եմ, արել եմ ու անելու եմ…»,- խորհուրդ է տալիս 18-ամյա Սևակ Գաբրիելյանը:
Միաժամանկ կիսվում է, որ իր կյանքում ամենից շատ պապիկին է վստահել և միշտ պահել է պապին տված խոստումները:
«Ես ամենից շատ պապիկիս էի վստահում, իրեն խոստացել էի, որ ես պետք է հաղթեմ, խոստումս կատարեցի, բայց նա չտեսավ»,- ասում է Սևակը, հավելելով, որ չի կարող պատկերացնել իր կյանքն առանց հայրական խորհուրդների՝ «նա միշտ ճիշտը գիտի, թե ինձ ինչ է պետք»։
Ռիմա Մառանգոզյան