Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Կրոնի հարցերով գործակալությունը թույլտվություն է տվել Տուրցխ գյուղի եկեղեցու տանիքի վերականգնման համար: Այժմ մնում է վերականգնման նախագիծը հաստատվի Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության կողմից: Նախագիծը գյուղից ուղարկվել է, բայց Գործակալություն դեռ չի հասել:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Տուրցխ գյուղում եկեղեցու տանիքի վերականգնումը կասեցվել էր ավելի քան երեք ամիս առաջ, քանի որ աշխատանքները կատարվում էին առանց թույլտվության: Այժմ եկեղեցու տանիքը բաց է:
Գյուղի բնակիչները բողոքում են, որ շուտով կսկսվի անձրևների շրջանը և եկեղեցին կվնասվի:
Ըստ Տուրցխ գյուղի եկեղեցու հոգևոր հովիվ Անդրեյ Յանիցկու, նա վերականգնման նախագիծը հանձնել է Տուրցխ գյուղի քաղաքապետի լիազոր Աննա Ղևենյանին: Աննայի հետ չհաջողվեց կապ հաստատել:
Քաղաքապետարանի վարչակազմից մեզ հայտնեցին, որ նրանք Աննա Ղևենյանից նամակը ստացել են 2019 թվականի օգոստոսի 6-ին:
Ըստ Մշակութային ժառանգության գործակալության ներկայացուցիչ Բեքա Բարամիձեի, մինչ այժմ նախագիծը չի ուղարկվել՝ ոչ Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից, ոչ էլ Տուրցխ գյուղի եկեղեցու հոգևոր հովվի կողմից:
Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, նրանք արդեն նամակը ստացել են և շուտով կուղարկեն Մշակութային ժառանգության գործակալություն:
«Աշխատանքն ընթացքի մեջ է, մենք էլ ենք ցանկանում, որ այդ հարցը հնարավորինս արագ լուծվի», – ասում է քաղաքապետը:
Եկեղեցու տանիքը վերանորոգվում է ծնունդով Տուրցխ գյուղից այժմ Ռուսաստանում բնակվող անձանց բարեգործական միջոցներով: Տուրցխ գյուղի բնակիչներն ասում են, որ անհրաժեշտ է արագ լուծել թույլտվության հարցը, որպեսզի եկեղեցին չվնասվի անձրևներից: Վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսի 10-ից հետո, մայիսի 16-ին դրանք արգելվել էին Կրոնի հարցերով գործակալության աշխատակիցների կողմից:
Բրատիսլավ Իգիթխանյան