Այս տարի պետությունն առաջին անգամ «Հիմնիր ապագադ» ծրագրի շրջանակներում 100% ֆինանսավորում կհատկացնի Ախալքալաքի շրջանում:

Ախալքալաքում ազնվամորու այգիների հիմնման ու մշակման համար անհրաժեշտ սածիլների և կաթիլային ոռոգման համակարգն ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը: Յուրաքանչյուր շահառուի ազնվամորու այգիների տարածքը պետք է լինի 0․15 հեկտարից մինչև 0․5 հեկտար և այն չպետք է գերազանցի այս սահմանը։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ինչպես տեղական շուկայում ձեռք բերված, այնպես էլ ներմուծված սածիլները։

Կառավարության հատուկ բանաձևում կարդում ենք, որ մեկ շահառուի համար կֆինանսավորվի գյուղատնտեսական նպատակով հողամասում կաթիլային ոռոգման համակարգի կարգավորման արժեքի 100%-ը, սակայն դրա արժեքը չպետք է գերազանցի 3 000 լարին։ Գործակալության տեղեկատվությամբ, անհրաժեշտության դեպքում կֆինանսավորվի այգու մշակման համար անհրաժեշտ նյութերի արժեքի 100%-ը։

«Մեր կլիմային համապատասխանում է ազնվամորին: Ֆերմերը կամ ֆիզիական անձը պետք է ունենա սեփական գրանցած հողատարածքը և պետությունն ամեն ինչ տալիս է անվճար, որոշակի պայմանով: Ֆիզիկական անձանցից բացի նույնկերպ կարող է կոոպերատիվը մասնակցել: Կոոպերատիվը կարող է մինչև 5 հա տնկել, եթե 5 հա է ցանում, պետությունը իրեն տալիս է 20 տոննայանոց պահեստ-սառնարան, որպեսզի ազնվամորին կարողանան նորմալ պահել տարվա բոլոր եղանակներին»,- ասաց Ախալքալաքում Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության ներկայացուցիչ Ռամազ Գոգոլաձեն:

Ի՞նչ պայմաններ պետք է բավարարի ֆերմերը ֆինանսավորում ստանալու համար

Ազնվամորու այգիներ հիմնելու համար շահառուն մի քանի պայման պետք է բավարարի։ Օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողատարածքը (որտեղ պլանավորվում ազնվամորի տնկել) պետք է լինի էլեկտրոէներգիայի աղբյուրին մոտ, ինչպես նաև պետք ապահովված լինի ջրով (ոչ ավել քան 500 մետր հեռավորության վրա), ինչպիսին է ոռոգման ջրանցքը, գետը, լիճը և այլն։

Շահառուների ընտրման մեկ այլ կարևոր պայման է, երբ որ ֆերմերը գործակալությունում ծրագրի համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացնում, դրանից հետո նրա հետ կանցկացվի գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի կազմակերպմամբ թրեյնինգ։

Ֆինանսավորում կստանան այն անձիք, ովքեր հաջողությամբ կանցնեն թեստավորումը։ Վերոնշյալ ծրագրին մասնակցելու համար, ցանկացողները կարող են դիմել Ախալքալաք քաղաքապետարանի շենքում գործող Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության ներկայացուցիչական գրասենյակ:

Նշենք, որ 2015 թվականից սկսած Վրաստանում իրականացվում է «Հիմնիր ապագադ» պետական ծրագիրը և մինչև այսօր այգիներ մշակելու համար ծախսել է շուրջ 13 524 559 լարի։

Ազնվամորի՝ 224 հա, ֆինանսավորում 2 097 120 լարի: Մոշ՝ 163 հա, ֆինանսավորում 1 265 805 լարի: Կապույտ հապալաս՝ 310 հա, ֆինանսավորում 4 397 552 լարի: