Ախալքալաքի նախկին զինվորական բազայի տարածքում գտնվող բազմահարկ շենքերի բնակիչները բողոքում են, որ բնակարաններում մշտական ջուր չկա:
Նախկին զինվորական ավանում գտնվող թիվ 512 տան բնակիչները դիմել են Jnews.ge-ի գրասենյակ՝ խնդրելով պարզել, թե ինչո՞ւ արդեն չորրորդ օրն անընդմեջ նրանք մշտական ջուր չունեն:
«Արդեն 4-րդ օրն է ջուր չունենք: Առավոտյան 8:30-ին անջատում են երեկոյան 23:30-ին միացնում: Մեր շենքի բնակիչները բողոքով գնացել են ջրամատակարարման ընկերության գրասենյակ, նրանց ասել են, որ ջուրը նման կերպ է մատուցվելու մեկ կամ մեկուկես ամիս, բայց ի՞նչ պատճառով, նրանք չեն պատասխանել: Դուք հասկանում եք, մենք երեխաներ ունենք, մենք ջուրը խմում ենք տնտեսելով, որ ամբողջ օրը հերիքի», – ասում է №512 շենքի բնակիչներից մեկը:
Նման իրավիճակ է նաև Ախալքալաքի բնակելի տներում, թեպետ չեն անջատում, բայց ջրի ճնշումը կտրուկ նվազել է, և արդյունքում՝ 4-րդ, 5-րդ հարկեր ջուրը չի բարձրանում, իսկ ջեռուցիչները չեն աշխատում բոլոր հարկերում:
Ըստ Վրաստանի Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանի, նման իրավիճակ է ոչ միայն վերոնշյալ շենքում, այլև ամենուր, ջրի ճնշումը նվազել է այն պատճառով, որ ամենուրեք ոռոգում են կարտոֆիլի դաշտերը, և որ այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ մինչև չավարտվի ոռոգման սեզոնը:
Ամեն տարի ոռոգման սեզոնը սկսվում է հուլիսին, բայց այս տարի ավելի ուշ սկսվեց անձրևոտ եղանակի պատճառով: Բնակիչները ոռոգման սեզոնի սկիզբը զգացել են ընդամենը մեկ շաբաթ է, իսկ թե որքա՞ն կտևի բերքի ոռոգումը, կախված է եղանակային պայմաններից: