Այսօր, օգոստոսի 1-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում Կիմ Կուղոյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ մեղադրյալը հրաժարվեց ցուցմունք տալ:
Կիմ Կուղոյանը մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով՝ (3-րդ եւ 4-րդ մասեր) հրազենի ապօրինի ձեռքբերում և պահպանում: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով:
Դատական նիստը վարում էր դատավոր Արարատ Եսոյանը, իսկ մեղադրող կողմը ներկայացնում էր դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն: Կիմ Կուղոյանի փաստաբանն է Իրակլի Բարձիմաձեն:
Մեղադրյալ Կիմ Կուղոյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Փաստաբանը դատարանին ներկայացրեց, որ իր պաշտպանյալն օգտվելով օրենքով նախատեսված լռելու հնարավորությունից, այս փուլում հրաժարվում է ցուցմունք տալ:
Դատախազ Գիորգի Օրջոնիկիձեն ասաց, որ իրենք գործով վկաներ ունեն, սակայն այսօր պատրաստ չեն ներկայանալ դատարան, քանի որ չգիտեին, որ մեղադրյալը հրաժարվելու է ցուցմունք տալ:
Որպեսզի կողմերը պատրաստվեն և կարողանան ապացույցներով ու վկաներով ներկայանալ դատարան, դատական նիստը երկու կողմի համաձայնությամբ հետաձգվեց մինչև սեպտեմբերի 4-ը: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին, ժամը՝ 13:00-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, Ախալքալաքի շրջանային դատարանում տեղի էր ունեցել Կիմ Կուղոյանի գործով նախնական դատական նիստը: Մեղադրյալի փաստաբանի միջնորդությունն առ այն, որ խափանման միջոցը՝ կալանավորումը փոխվեր գրավով, չի բավարարվել դատարանի կողմից, ուժի մեջ թողնելով 2019 թվականի մայիսի 27-ի որոշումը՝ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում:
Հիշեցնենք, որ Կիմ Կուղոյանը ձերբակալվել էր 2019 թ. մայիսի 24-ին ժամը մոտավորապես 14:00-ի սահմաններում, Ախալքալաքի կենտրոնում: Նա մեղադրվում է ապօրինի ճանապարհով հրազենի ձեռքբերման, պահման և կրման մեջ: