GIPA Media Lab ծրագրի «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակութային հասարակության և երկրի համար» շրջանավարտներից 9-ը մրցանակ են ստացել: Նրանցից 4-ը հնարավորություն են ստացել անվճար սովորելու GIPA համալսարանի բակալավրի աստիճանում, ինչպես նաև մեկ ուսանողուհի մագիստրատուրայում։

Քվեմո-Քարթլիի և Ջավախքի տարբեր դպրոցների աշակերտներ և երիտասարդներ հասարակության շրջանում հատուկ նշանակություն ունեցող և խնդրահարույց թեմաներ են որոնել և որոնման արդյունքում լրագրողական աշխատանքներ ստեղծել։ Աշխատանքները ներկայացել են ֆիլմերի և ֆոտոպատմությունների տեսքով, որոնք ցույց են տալիս այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ջրի բացակայությունը, երեխաները և նրանց կախվածությունը գաջեթներից, միայնակ ծերությունը և երիտասարդների զբաղվածությունը, վաղ ամուսնություն և այլ թեմաներ:

Հուլիսի 31-ին Քվարելի քաղաքում Վրաստանի արդարադատության ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ GIPA MEDIA LAB-ի եզրափակիչ արարողությունը։ Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց հաղթողներին։

nino

GIPA-ի համալսարանում անվճար սովորելու հնարավորություն ստացան Խորենիա գյուղից Սևակ Գաբրիելյանը և Նինոծմինդայից՝ Կարեն Շահբեկյանը։

Սևակը չի հավատում կատարվածին. «Նախքան մեր Կախեթի գալը հույս ունեի, որ իմ ֆիլմը կհաղթի, բայց երբ արդեն մնացած երեխաների ֆիլմերը տեսա, հույսս կորցրել էի, տեսա իմ սխալներն ու մտածեցի որ շանս չունեմ հաղթելու, բայց սխալ էի մտածել։ Հիմա շոկի մեջ եմ, դեռ չեմ գիտակցում ինչ է կատարվում», – ասում է նա, միաժամանակ ավելացնելով, որ իր ընկեր՝ Կարենն ամենից շատ էր մոտիվացնում ու հույս տալիս։

sevak

«Ես իմ մասին այնքան շատ չէի մտածում, որքան որ Սևակի, ընկերոջս։ Ես իր ֆանատն եմ։
Անունս չլսեցի, զգացի որ հաղթել եմ միայն, երբ, որ ինձ բարձրացրին վերև, միակ բանը որ զգացի, դա օդից ներքև իջնելն էր», – կիսվում է Կարենը։

karen

Հետաքրքիր զուգադիպությամբ Կարենն ու Սևակը մրցանակաբաշխության օրը ընդունվել են Թբիլիսիի պետական ԲՈՒՀ-եր, սակայն նրանք կրթությունը կշարունակեն GIPA-ում։ Կարենը հետաքրքրված է համակարգչային տեխնոլոգիաներով, իսկ Սևակը ուզում է լրագրող դառնալ։

Բացի անվճար սովորելու հնարավորությունից Սևակ Գաբրիելյանի մուլտիմեդիա պատմությունն արժանացավ նաև երկրորդ մրցանակի։ Իսկ 3-րդ տեղի մրցանակի արժանացավ Վարդուհի Կուրղինյանի մուլտիմեդիա պատմությունը։

Հայ երիտասարդներից մրցանակ ստացավ նաև «Ինքդ քո ուժերով» ֆիլմը, որի հեղինակները՝ Արտեմ Նալբանդյանը, Շալիկո Ներսիսյանը, Նազելի Խաչատրյանը պատմում են 15-ամյա մի տղայի մասին, ով իր ձեռքերով բռնցքամարտի տանձիկ է սարքել կիսաքանդ շենքում և պարապում է գյուղի երեխաներին:

nazi
azi
1

GIPA-ի լրագրության դպրոցի դեկան Նինա Իվանիշվիլիի խոսքերով, ծրագրի նպատակն է երիտասարդներին միավորելը, ովքեր համեմատած մեծ քաղաքների բնակիչների հետ կյանքում ավելի քիչ հնարավորություն ունեն ժամանակակից կյանքում ժամանակակից կրթություն ստանալու։

«Ես համոզված եմ, այս երեխաները ավելի շատ բան ստացան, քան մենք ակնկալում էինք։ Նրանք սովորել են համագործակցել, խմբային աշխատանք կատարել, մեկը մյուսի օգնության հասնել և այդ օգնությունն ընդունել։ Շատ բախտավոր ենք, որ Ամերիկայի դեսպանատունը տեսավ այն արժանիքները, ինչ մենք ենք տեսնում այս ծրագրում, և կրկին այս տարի մեզ տրվեց հնարավորություն և ծրագիրը կշարունակվի»,- ասաց նա։

Կազմակերպիչների խոսքերով այս տարվա արդյունքներից ավելի գոհ են, քան նախորդ, նրանք երեխաների ու ծնողների շրջանում ավելի շատ վստահություն և հավատ են տեսնում։

Միջոցառումը կազմակերպվել էր «GIPA MEDIA LAB» ծրագրի «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակութային հասարակության և երկրի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է USDEP-ի և Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Ռիմա Մառանգոզյան