Այսօրվա դրությամբ՝ Թամար Թագուհի, Ազատություն և Տերյան փողոցների 50 բնակիչ դիմել է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի էներգոբաշխիչ ընկերությանը՝ Energo Pro Georgia-ին: Նրանք խնդրում են փոխհատուցել վնասված սարքավորումների դիմաց, որոնք շարքից դուրս էին եկել էլեկտրագծերում էլեկտրականության տատանման պատճառով:
Հուլիսի 26-ի գիշերը քաղաքի կենտրոնական մասում էլեկտրաէներգիայի ընդհատումներից հետո շատերի տներում և խանութներում փչացել է էլեկտրոնային տեխնիկան: Տուժածների վկայության համաձայն, գիշերը հոսանքազրկում և հզոր ուժով հոսանքի միացում է տեղի ունեցել:
Բնակելի տներում շարքից դուրս է եկել կենցաղային տեխնիկան` սառնարաններ, կաթսաներ (ջեռուցիչներ), ինչպես նաև համակարգիչներ, հեռուստացույցներ, մոդեմներ և այլ էլեկտրական սարքեր:
Բնակիչները բողոքներ են ներկայացրել էներգոբաշխիչ «Energo Pro Georgia» ընկերությանը, որը սպասարկում է Ախալքալաքի մունիցիպալիտետին:
Դեռևս հարցականի տակ է՝ արդյո՞ք Ախալքալաքի բնակիչներին պատճառված վնասը կփոխհատուցվի: Ընկերությունը դեռևս դիմումներն է գրանցում, որից հետո կսկսվի մանրամասների պարզումը: