Արդեն 3-րդ օրն է, ինչ Ախալքալաքում աշխատանքներ են տարվում Աղմաշենեբելի փողոցի եզրագծերի (բորդյուր) ապամոնտաժման ուղղությամբ: Մեկ տարվա ընթացքում Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը հիմնովին կվերանորոգվի:
Վերականգնման տենդերը հայտարարվել էր Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության կողմից՝ 2019 թվականի ապրիլի 18-ին, 19 038 910 լարիի չափով: Տենդերին մասնակցում էր 4 ընկերություն, բայց այն շահեց «N1 ճանապարհաշինության վարչությունը»՝ 14 749 992,92 լարիի չափով: Պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 10-ին և գործում է մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը:
Կվերականգնվի Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 70 կմ-ից մինչև 86 կմ մայրուղու 16 կմ ճանապարհահատվածը: Ընթացքի մեջ են նախապատրաստական աշխատանքները: Ընկերությունը պարտավոր է նաև հիմք ստեղծել ասֆալտի համար, ասֆալտապատելուց հետո տեղադրել ճանապարհային նշաններ և ներկել գծանշաններ:
Այժմ աշխատանքներն ընթանում են Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում, սակայն վերականգնվող տարածքը սկսվում է քաղաքի մուտքից: