Վրաստանի լճերի մեծամասնությունը գտնվում են Ջավախքում: Ջավախքի ազգային պարկում ընդգրկված Մադաթափա լիճը տարբերվում է մնացած լճերից թռչունների բազմազանությամբ, որոնք բնակվում են այստեղ, ինչպես նաև իր առեղծվածային լինելով:
Կանաչ ֆոնի վրա՝ հայելանման կապույտ մակերեսը և կղզյակը, որտեղ չուի ժամանակ կամ մշտապես բնակվում է 180 թռչնատեսակ՝ մոխրագույն և սպիտակ կռունկ, ձկնկուլներ, հավալուսն, հայկական ճայեր, արագիլներ և այլն: Թռչունների հնչյունները ուղեկցվում են լռությամբ: Այստեղ մարդն առանձնանում է բնության հետ՝ չզգալով անհանգստություն, և չմտածելով իր ամենօրյա հոգսերի և խնդիրների մասին:
Այս ամենը գրավում է հազվագյուտ զբոսաշրջիկների, որոնք այստեղ են գալիս կարճ ժամանակով՝ մնալով կամ «Մադաթափա» հյուրատանը, որը կառուցվել է «Էլկանա» ծրագրի շրջանակներում, կամ էլ լճի բացատների մոտ՝ վրաններում:
Լճի առավելագույն խորությունը 1,10 մ է, իսկ լճի ափին՝ 40 սմ: Հիմնական ջուրը լիճ է թափվում լեռներից: Լիճը սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից: Լիճ է թափվում նաև աղբյուր, ներթափվող ջրի հետ միասին թափվում է նաև շատ հող: Ջրի հայելանման մասը մնում է նույնը, բայց հողը սուզվում է լճի հատակ և մնում այնտեղ և բարձրացնում ջրի մակարդակը:
«Նախագիծը կար: Մինչև աշուն պետք է տեղադրեին ժալյուզներ՝ կարգավորելու համար, որպեսզի լիճը չծածկվեր հողով, բայց մինչ օրս աշխատանքները չեն սկսվել, և հարց է, թե արդյո՞ք կսկսվեն աշնանը», – ասում է ռեյնջեր Գագիկ Մարկոսյանը:
Վերջերս լճի ափամերձ մասում հայտնաբերվել են առեղծվածային, ստորգետնյա անցքեր, որտեղ լճի ջուրն է հոսում: Առեղվածայնությունը կայանում է նրանում, որ ջուրը հոսում է անցքերը, սակայն ուր է այն գնում՝ անհայտ է: Մի քանի փորձարկում է կատարվել՝ հանելուկը պարզելու համար, սակայն՝ ապարդյուն: Արդեն ֆիքսվել է 3-4 անցք, սակայն Մադաթափայի ոչ բոլոր անցքերն են հայտնաբերվել, քանի որ անցքերը կարող են ջրի ծածկույթի տակ լինել: Հետաքրքիր է, որ ջուրը մշտապես հոսում է անցքերի մեջ, բայց լճում ջրի մակարդակը չի փոխփոխվում: Ջուրը լցվում է անցքերը միայն գարնանային ձնհալի ժամանակ, իսկ արդեն հուլիսի վերջին մակարդակը նվազում է շոգերի պատճառով և լճի ջուրը այդ պատճառով չի հասնում մինչև անցքերը:
Անցքը, որի մեջ է հոսում լճի ջուրը
Այս վայրերի տուրիստական ներուժը մեծ է, սակայն դրա համար ենթակառուցվածքը վատ է զարգացած:
«Երբ զբոսաշրջիկները գալիս են, նրանք հանգիստ վայր են փնտրում, այստեղ շատ հանգիստ է, շատերին դուր է գալիս բնությունը: Մենք բուկլետներ ենք բաժանել, զբոսաշրջիկներն արդեն իսկ գալիս են մեզ մոտ: Նախագիծ կար, բայց չգիտեմ, թե ինչն էր պատճառը, այն չիրականացվեց՝ չկար ֆինանսավորում կամ ինչ-որ այլ պատճառ: Այս նախագծի համաձայն, պետք է կառուցվեր երկու քոթեջ: Կարծախում արդեն կառուցվել է երկու քոթեջ: Սամեբայում տնակի համար լավ տեղ կա, և պետք է լիներ կամուրջ», – պատմում է Մադաթափայի ռեյնջերը:
Զբոսաշրջիկների համար ևս մեկ խնդիր է եկվոր հովիվների հսկայական շները, որոնք գարնանը և ամռանը բերում են իրենց նախիրները ջավախքյան հարուստ մարգագետիններ: Ըստ Ջավախքի ազգային պարկի ռեյնջերի, նրանք ստիպված են ուղեկցել զբոսաշրջիկներին, ովքեր բարձրանում են Մադաթափա լեռը, որպեսզի նրանց չհողոտեն շները:
Եկվոր հովիվների հետ կապված ևս մեկ խնդիր էլ կա: Ջավախքի ազգային պարկը թույլ է տվել Վրաստանի մյուս շրջանների հովիվներին, ովքեր վարձակալում են արոտավայրերը` ջուր խմելու համար իրենց նախիրները բերել Մադաթափա լճի մոտ: Բայց նրանց չի թույլատրվում անասուններին ջրելուց հետո մնալ արգելոցի տարածքում և այնտեղ արածեցնել կովերին: Այնուամենայնիվ, հովիվները հաճախ խախտում են այդ արգելքը, իսկ անտառապահ-ռեյնջերները տուգանում են նրանց: Ախալքալաքի Շրջանային դատարանը մի քանի գործ է քննարկում՝ նման իրավախախտումներ կատարելու առնչությամբ, սակայն ցածր չափով տուգանքի պատճառով հովիվները կրկին խախտում են արգելքը:
«Դատարանը չի կարող տուգանել նրանց 100 լարիից ավելի: 100 լարին մեծ գումար չէ, նրանք այդ խախտումից ավելի շատ շահույթ են ստանում, ահա թե ինչու են խախտում», – ասում է Գագիկ Մարկոսյանը:
Քրիստինե Մարաբյան