Ախալքալաքի փողոցներով անզգույշ տեղաշարժվելու դեպքում բաց դիտահորի մեջ ընկնելու մեծ հավանականություն կա: Այսօր դրանք ավելի քիչ են, բայց տեղ-տեղ մնացել են և մշտապես «սպառնում են» անցորդներին:

Ախալքալաքի որոշ փողոցներում հանդիպում ենք բաց դիտահորերի, իսկ մնացածը գտնվում են ասֆալտից ցածր մակարդակի վրա և անընդհատ խոչընդոտում են տեղաշարժմանը:

2

Մաշտոցի և Ջավախիշվիլիի խաչմերուկում տեղակայված դիտահորի կափարիչն, ըստ Վրաստանի Ջրամատակարարման միավորման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի մենեջեր Արտակ Թարլամազյանի՝ փչացրել են ասֆալտ անողները և նրանք պատրաստվում են նորոգել:

1

Ինչ վերաբերում է ասֆալտի մակարդակից ցածր դիտահորերին, Արտակ Թարլամազյանն ասաց, որ դա իրենց խնդիրը չէ:

«Մենք պայմանավորվել ենք, որ այդ աշխատանքները պետք է արվեն փոսային նորոգման աշխատանքների ժամանակ», – ասում է նա:

Արտակ Թարլամազյանը չգիտեր Ախալքալաքում բաց դիտահորերի առկայության մասին, բայց ասաց, որ եթե բաց դիտահոր լինի, և դրա փակումը նրանց պատասխանատվության տակ լինի, ապա նրանք անպայման կփակեն:

Երևանյան փողոցում տեղակայված դիտահորը

«ՋավախԱվտոԳզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեն ասում է, որ ինքն անտեղյակ է այն մասին, որ պարտավոր է նորոգել դիտահորերը, որ իրենց ոչ ոք այդ մասին չի ասել:

Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսության և ենթակառուցվածքների վարչության մասնագետ Ռազմիկ Նահատակյանն ասում է, որ այս տարի դիտահորերի բարեկարգման համար նախատեսված միջոցներ չկան:
«ՍՊԸ «ՋավախԱվտոԳզա»-ի հետ պայմանագրում նշված չէ, որ այդ աշխատանքները պետք է անի ընկերությունը», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:

«Սպառնացող» դիտահորերի խնդիրը կրկին օդից կախված է մնում:

Բրատիսլավ Իգիթխանյան