Ախալքալաքի մունիցիապլիտետի Կոթելիա գյուղում շուրջ 15 հոգի՝ 17-20 տարեկան երիտասարդներ կռվել են, որի արդյունքում երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն, ձերբակալվածներ դեռևս չկա:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան: Երկու խումբ երիտասարդներ սկսել են հարվածել միմյանց: Այս ծեծկռտուքի պատճառը ցերեկվա ընթացքում մի քանի տղաների միջև վիճաբանություն է եղել, որից հետո երիտասարդները կանչել են իրենց ընկերներին և սկսվել է կռիվ: Արդյունքում` նրանցից երկուսն Ախալքալաքի հիվանդանոց է տեղափոխվել:

«Նրանցից մեկի մոտ, ում մենք արդեն դուրս ենք գրել, կար քթի կոտրվածք, երկրորդը տեղափոխվել է Ախալցխայի հիվանդանոց, նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կային, նա նաև ստացել է ուղեղի ցնցում», – հիվանդանոցից պարզաբանել են sknews-ին:

Դեպքի վայրում են եղել իրավապահները: Ներքին գործերի նախարարության տվյալներով, հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» և «գ» ենթակետերի համաձայն, ինչը ենթադրում է մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ բռնություն: Ինչ վերաբերում է կասկածյալներին, ըստ ՆԳՆ-ի, ոչ ոք դեռ չի ձերբակալվել: