Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համոզված է, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը, որը նկատելիորեն կրճատվել է երկու երկրների միջև օդային հաղորդակցության դադարեցումից հետո, շատ արագ կվերականգնվի: Այս մասին նախագահը ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Ամեն ինչ պետք չէ լուրջ ընդունել, կա մի հետաքրքիր փաստ, որի վրա մենք, հավանաբար, ուշադրություն չենք դարձնում: Անցյալ տարի Վրաստան է այցելել 1 միլիոն 700 հազար ռուս զբոսաշրջիկ, բայց չէ, որ 2008 թվականի պատերազմից շատ ժամանակ չի անցել, Թբիլիսիից ընդամենը 40 կմ հեռավորության վրա բաժանարար գիծ կա, և չնայած դրան՝ Վրաստանում ոչ մի ռուս զբոսաշրջիկի ոչինչ չի պատահել», – ասել է Զուրաբիշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
Պետության ղեկավարի խոսքով՝ հակառակը, դատելով Ռուսաստանի բնակչության արձագանքից, ռուսները ցանկանում են, ինչպես նախկինում, գալ Վրաստան:
«Եվ վստահ եմ, որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կվերսկսվի», – նշել է Զուրաբիշվիլին:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ վրացական հյուրընկալությունը բոլորին է վերաբերում, այն ընտրովի չէ: «Մեր երկիրն իսկապես բաց է բոլոր նրանց համար, ովքեր լավ նպատակներ են հետապնդում», – ասել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2019 թ. հունվար-հունիսին հանրապետություն այցելած ռուսաստանաբնակ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31,2%-ով՝ կազմելով 691,6 հազար մարդ, այդ թվում՝ հունիսին` 152,2 հազար մարդ (աճը`30.8%):
Սպասվում էր, որ 2019 թ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվի ռեկորդ կգրանցվի: Մասնավորապես, ենթադրվում էր, որ ամռան ընթացքում և մինչև տարեվերջ Վրաստան կայցելի ևս մեկ միլիոն ռուս զբոսաշրջիկ: