Կառլեն Կարապետյանն այն անձնավորությունն է, ով իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին: Նրա ձեռքի տակով են անցել մի քանի սերունդ աշակերտներ, որոնց համար նա դարձել է առաջնորդ և հոգևոր ուսուցիչ:

Սերը նկարչության հանդեպ Կառլեն Վլադիմիրովիչի մոտ ի հայտ էր եկել դեռ մանկուց, երբ նա դեռ մանկապարտեզ էր հաճախում: Նա հասակ առավ, բայց գեղանկարչությունը շարունակում էր մնալ նրա երազանքը, և նա որոշեց ընդունվել Երևանի Մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետ: Ուսումն ավարտելուց հետո, նա հնարավորություն ուներ մնալ և շարունակել իր գործունեությունը Երևանում, սակայն որոշեց վերադառնալ հայրենի քաղաք:

«Վերջին կուրսում, ցուցահանդեսներից մեկի ժամանակ ես հանդիպեցի Վրաստանի մշակույթի նախարարի հետ: Մենք ծանոթացանք, նա ինձ հրավիրեց աշխատելու Ախալքալաքում: Բացի այդ, իմ տատիկը միայնակ ապրում էր այնտեղ, և ես որոշեցի վերադառնալ: Այդպես էլ եղավ», – պատմում է նկարիչը:

karlen3

Կառլենը մասնագիտանում է դիմանկարների վրա` հետաքրքրված է հենց մարդկանցով: Նրա ստեղծագործություններում գերակշռում են մուգ, գորշ գույները և դրա պատճառը նրա ծանր ու դժվար ձևավորված ճակատագիրն է:

Մանկության տարիներին Կառլենը կորցրեց իր ծնողներին, և նրան դաստիարակեց տատը, որը անցել էր կյանքի մեծ ուղի՝ կյանք տեսած մարդ էր, տեսել էր ցեղասպանություն, կորցրել իր բոլոր երեխաներին: Այդ իրադարձությունները խոր ու ցավագին հետքեր են թողել արվեստագետի սրտում:

«Այն արվեստագետների մոտ, ում կյանքում ամեն ինչ բարեհաջող է ձևավորվել, գերիշխում են վառ գույները: Իսկ կյանքի այն հանգամանքները, որոնք ինձ հետ են տեղի ունեցել, չեն կարող աննշան անցնել և հետք չթողնել», – ասում է նկարիչը:

karlen11

Տատիկի դիմանկարը

Մթագնած գույներից բացի, Կառլենի ստեղծագործություններում շատ է արծածվում Ցեղասպանության թեման: Նկարիչն ասում է, որ այս թեման շատ մոտ է իրեն: «Երեխա ժամանակ ես շատ էի սիրում կարդալ Ցեղասպանության մասին, և այդ գրքերը իմ վրա ուժեղ ազդեցություն ունեցան», – հիշում է Կառլենը: Նրա դիպլոմային թեզը նվիրված էր այս թեմային և կոչվում էր «Հայկական աչքեր»:

karlen10

«Հայկական աչքեր»

Կառլեն Վլադիմիրովիչի դասավանդմամբ մի քանի սերունդներ են դաստիարակվել` փոքր երեխաներից մինչև այն մարդիկ, ովքեր ունեն սեփական թոռները: Նա 30 տարի նվիրեց արվեստի դպրոցին, իսկ 60 տարի նկարչությանը: Նրա աշակերտներից շատերը դարձել են ականավոր արվեստագետներ և շարունակում են իրենց աշխատանքը՝ ցայսօր:

«Երբ վերադարձա Ախալքալաք, ես որոշեցի, որ ես այստեղ բացեմ արվեստի դպրոց», – ասում է նա: – Շատերն այդպես չէին ուզում, օրինակ` տեղական իշխանությունները: Նրանք ամեն կերպ արգելակում էին այդ մտահաղացմանը, նույնիսկ Թբիլիսիից մի մարդ ուղարկվեց, որը պետք է առաջնորդեր դպրոցը: Նա երեք օր մնաց այստեղ, հետո եկավ ինձ մոտ տվեց բանալիներն ու ասաց, որ դա իմ գործն է, և ես պետք է անեմ դա»:

Դպրոցականները կազմակերպել են բազմաթիվ ցուցահանդեսներ Երևանում, Թբիլիսիում, Գյումրիում: Կառլեն Կարապետյանի աշխատանքի շնորհիվ Ջավախքի բազմաթիվ տաղանդներ արտերկրում մեծ ճանաչում են ձեռք բերել:

karlen5

Կառլեն Վլադիմիրիչն ամբողջ կյանքը նվիրել է դպրոցին: Նա խոստովանում է, որ իրենից հետո դպրոցը հանձնելու է իր դստերը, ով նույնպես ավարտել է Գեղարվեստի ակադեմիան և աշխատում է դպրոցում: Հետաքրքիր է, որ Կառլենի ամբողջ ընտանիքը ստեղծագործում է` դուստրը, թոռները, զարմիկները: Իր խոսքերով, նրա մասնագիտությունը և նկարչության հանդեպ տածած սերը երբեք խնդիրներ չեն ստեղծում ընտանիքում: Ընդհակառակը, ընտանիքի բոլոր անդամները աջակցել և կիսել են իր այս նախասիրությունը:

karlen2

Անցյալ վերադառնալով, Կառլեն Կարապետյանը չի զղջում իր ընտրության համար, թեև նա հասկանում է, որ կարող էր շատ ավելիին հասնել Երևանում կամ Գյումրիում: «Տերը՝ ինքն ինձ դրդեց այստեղ բացել արվեստի դպրոց, այսպիսով հնարավորություն ընձեռելով մեր տարածաշրջանի շատ տաղանդավոր երեխաներին զարգացնել և գտնել իրենց սեփական ճանապարհը», – կիսվում է նա:

karlen8

«Չվերադարձան» կտավը

Նա խոստովանում է, որ մարդկանց մեջ գնահատում է բարությունը, մաքրությունն ու անկեղծությունը, և չի սիրում ամբարտավանություն, վատ վերաբերմունք, մակերեսայնություն: «Մարդը պետք է մի փոքր հպարտ լինի, իմանա իր արժանիքը: Արժանապատվությունը ամենից կարևորն է: Ինձ դուր չի գալիս շողոքորթությունը: Կան մարդիկ, ովքեր շրջում են այստեղ-այնտեղ, աղաչում են ինչ-որ բան: Ես երբեք ոչ մեկին չեմ դիմել, նրանք իրենք պետք է ինձ դիմեին: Այդպես էլ արժանացա հարգանքի, – ասում է նկարիչը: Իմ կյանքի սկզբունքները միշտ եղել և մնում են՝ երբեք չստել և օգնել մարդկանց:

karlen

Ամալյա Բաբայան