Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են չորս հոգու, հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիում կայացած հանրահավաքի ժամանակ ոստիկանների վրա հարձակման մեղադրանքով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն:
Ներքին գործերի նախարարությունը նաև տարածում է տեսանյութ, որտեղ երևում են ձերբակալվածների գործողությունները: Մեղադրյալներն են՝ 32-ամյա Զուրաբ Բուդաղաշվիլին, 39-ամյա Կախաբեր Կուպրեիշվիլին, 25-ամյա Ցոտնե Սոսելիան և 45-ամյա Բեսիկ Թավլիանին:
«Հետաքննությունը պարզել է, որ հունիսի 20-21-ը խորհրդարանին հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ այդ անձինք մասնակցել են խմբակային բռնությանը, հարձակվել ոստիկանների վրա, տարբեր առարկաներ օգտագործելով և դիմակայել նրանց», – ասել է Բորցվաձեն:
Մասնավորապես, ՆԳՆ-ն հաստատում է, որ Բուդաղաշվիլին և Սոսելիան հարձակվել են ոստիկանների վրա՝ հարվածելով նրանց դագանակներով, իսկ Կուպրեիշվիլին ոստիկանների ուղղությամբ նետել է «տարբեր ծանր առարկաներ»: Ինչ վերաբերում է Թավլիանիին, ըստ հետաքննության վարկածի, «նա նույնպես հարձակվել է մի քանի ոստիկանների վրա»:
Բորցվաձեի խոսքով, նախարարությունը նաև աշխատում է այս անկարգություններին մասնակից այլ մարդկանց բացահայտելու ուղղությամբ: Քրեական գործը հարուցվել է «խմբային բռնության կազմակերպում, ղեկավարում և դրանում մասնակցություն» հոդվածով, որը պատժվում է վեցից մինչև ինը տարի ժամկետով ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: