Արդեն տեղի է ունեցել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի երեք ծառայությունների ղեկավարների թափուր պաշտոնատեղերի մրցույթը: Մոտ օրերս քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովը կհրապարակի նոր աշխատողների անունները:
Մոտ մեկ ամիս առաջ Ախալքալաքի քաղաքապետարանը Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության պետի և Պետական գնումների ծառայության ղեկավարի թափուր աշխատատեղերի մրցույթ էր հայտարարել: Այն հայտարարվեց բանից հետո, երբ մեկ ու կես ամիս առաջ այս երկու ծառայությունների ղեկավարները հեռացման դիմում գրեցին:
Քաղաքապետարանի Վերահսկման եւ արձագանքման ծառայությունը նույնպես ղեկավար չուներ: Այս պաշտոնը թափուր էր տվյալ բաժնի բացման օրից (հունվար, 2018 թ) մինչ օրս:
Այս երեք թափուր աշխատատեղերի համար դիմել էր 32 մարդ: Դրանցից 10-ին հանձնաժողովը հրավիրել էր հարցազրույցի:
«Մենք ընտրեցինք 10 հոգու, բայց մրցույթին միայն 6-ն էին եկել, մյուսները չէին համապատասխանում մեր չափանիշներին (փորձառություն, մասնագիտություն): Այս պաշտոնները շատ պատասխանատու են, դրա համար շատերը չեն համարձակվել հայտ ներկայացնել: Հավանաբար, այս շաբաթվա ընթացքում արդյունքները կհայտարարենք, այն մարդկանց անուններն ում կընտրենք», – ասում է քաղաքապետարանի վարչակազմի ղեկավար Ստեփան Եզոյանը:
Մրցույթին մասնակցող 6 մասնակիցներից 1-ը հավակնում էր պետական գնումների ղեկավարի պաշտոնին, 1-ը՝ Ենթակառուցվածքի, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության ծառայության ղեկավարի հաստիքին, իսկ 4 հոգին մրցում էին Վերահսկման եւ արձագանքման ծառայության ղեկավարի պաշտոնի համար:
Շուշան Շիրինյան