Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի բնակիչները ամիս ու կես առաջ գազար են ցանել, սակայն հիմա դաշտերում գազարի եզակի ծիլեր են նկատվում, գազարի փոխարեն մոլախոտ է աճել: Գյուղատնտեսության նախարարության մասնագետները կգնան գյուղ տեղում պարզելու պատճառները և կօգնեն խորհրդատվությամբ:
Բեժանո գյուղը հայտնի է գազարով: Այստեղ յուրաքանչյուր ընտանիք, շատ թե քիչ գազար է ցանում:
Որոշ ընտանիքների համար գազարի մշակումը եկամտի միակ աղբյուրն է:
Jnews-ի հետ զրույցում, հունիսի 19-ին Գալուստ Չարչյանն ասել է, որ 1000 լարի է ծախսել գազարը ցանելու համար: Նրա խոսքերով, սա եկամտի իր միակ աղբյուրն է:
«Ահա, տեսեք, ինչ անենք, 1000 լարի եմ ծախսել, 27 սոտ ցանել եմ, բայց գազարի փոխարեն մոլախոտ է աճել»,- ասում է Գալուստ Չարչյանը:
Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեի խոսքերով՝ մասնագետները փորձում են օգնել գյուղացիներին:
«Մեր մասնագետները հիմա այստեղ չեն, երկուշաբթի կգան և մենք Բեժանո գյուղ կգնանք, կտեսնենք, թե ինչով կկարողանանք օգնել», – ասում է Ռամազ Գոգոլաձեն:
Նրա խոսքերով պատճառ կարող է լինել՝ սերմը կամ եղանակը, կամ էլ ժամկետները:
Նշենք, որ գազարը չի աճել ոչ միայն Բեժանոյում: Մեր մունիցիպալիտետի տարբեր գյուղում ևս բնակիչները դժգոհում են:
Բրատիսլավ Իգիթխանյան