Վիրավորների և ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում։ Մի քանի ցուցարար զրկվել է աչքից:
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեծ ցույցը սկսվել է հունիսի 20-ին 19:00-ին։ Դրա առիթն այն էր, որ առավոտյան խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որը Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռից բացել էր Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Դա առաջացրել էր, ոչ միայն ընդդիմության, այլ նաև հասարակության վրդովմունքը։ Մարդիկ տարերայնորեն սկսել էին հավաքվել Ռուսթավելու պողոտայում։
Ըստ լրագրողների գնահատականի՝ ակցիային ոչ պակաս, քան 30 հազար մարդ էր հավաքվել։ Այն քաղաքական գործիչների կողմից չէր կազմակերպվել, սակայն դրան ներկա էին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու քաղաքացիական ակտիվիստները։
Ցուցարարների մի մասը փորձում էր խորհրդարանի շենքի բակ ներխուժել այն բանից հետո, երբ լրացավ վերջնագրի ժամկետը, որն առաջադրել էր ընդդիմադիր «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան (շարժումը ստեղծվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից)։ Մելիան պահանջել էր խորհրհդարանի նախագահի, ՆԳՆ և Պետանվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը։
Սկսվեցին առաջին բախումները։ Ոստիկանությունը մահակներ և ռետինե փամփուշտներ կիրառեց, ավելի ուշ սկսեց արցունքաբեր գազ կիրառել։ Առաջին վիրավորնրը հայտնվեցին։ Ցուցարարները խլեցին որոշ հատուկջոկատայինների վահաններն ու մահակները, մի քանի հատուկջոկատայինի նրանք բռնեցին և դուրս բերեցին ցույցի սահմաններից դուրս։
Մի քանի ժամ հատուկջոկատայիններն ապարդյուն փորձում էին ցուցարարներին հեռացնել խորհրդարանի շենքից գազի և ռետինե փամփուշտների օգնությամբ։ Դրանից հետո ոստիկաններն ու տեխնիկան սկսեցին մաքրել Ռուսթավելու պողոտան։
Ցուցարարները հատուկջոկատայինների վրա սկսեցին քարեր նետել։ Ոստիկանությունը շարունակեց նրանց հետապնդել Ռուսթավելու պողոտայի երկայնքով։
Արդյունքում՝ լուսադեմին հատուկջոկատայիններն ամբողջությամբ հեռացրին ցուցարարներին պողոտայից։ Ցուցարարներից շատերը ձերբակալված են։ Նրանց հստակ թիվը հայտնի չէ։
Հայտնի չէ նաև վիրավորների հստակ թիվը, այն հարյուրների է հասնում։ Ըստ բժիշկների՝ նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։ Ռետինե փամփուշտների հետևանքով դեմքի վիրավորում ստացած մի քանի մարդ, հավաբար, զրկվել է աչքից։
Նյութը՝ JAMnews-ի