Այսօր, հունիսի 20-ին Ախալքալաքի շրջանային դատարանը հերթական անգամ հետաձգեց Կորխ գյուղի եկեղեցում առանց թույլտվության եկեղեցու վերականգնման աշխատանքների համար հարուցված վարչական գործի դատավարությունը: Դատական նիստի ժամանակ պարզվեց, որ Վրաստանի Մշակութային ժառանգության ներկայացուցիչ՝ Լևան Ջավախիշվիլին հարգելի պատճառներով չի կարողացել ներկայանալ դատին, իսկ նրա փոխարեն ներկայացած իրավաբան Ալեքսանդր Չիխրաձեն չի տիրապետում դատական գործի մանրամասներին: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 28-ին:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Յուրիկ Ծառուկյանին մեղադրում է, Կորխ գյուղում՝ մշակութային ժառանգության հուշարձանի՝ XIX դարի եկեղեցում առանց թույլտվության շինարարական աշխատանքներ սկսելու մեջ:

Գործը քննվում է «Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 88-րդ հոդվածի առաջին մասով, որը ֆիզիկական անձանց համար նախատեսում է 5000 լարի տուգանք:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության իրավաբան Ալեքսանդր Չիխրաձեն
միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու համար, քանի-որ Լևան Ջավախիշվիլին, ով մինչ այս գործակալության շահերն է ներկայացնում դատարանում, հարգելի պատճառներով չի կարողացել այսօր նշանակված դատական նիստին մասնակցել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց հունիսի 20-ին:

Նշենք, որ Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էր մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի տարի է նրանք գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկանալով առանց թույլտվության վերականգնման մասին, արձագանքեց՝ նախազգուշացնելով, այնուհետեւ տուգանելով Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված էին Կորխի բնակիչների անունից Գործակալությանն ուղղված նամակի մեջ: Այժմ աշխատանքները կասեցված են:

Կորխի եկեղեցու դատական գործով նոր վկա կա

Կորխի եկեղեցու վերականգնումը. Բնակիչները հետհաշվարկը սկսում են 10-ից

Գործակալությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Կորխի շինարարության դեմ

Կորխ գյուղի եկեղեցու խնդրահարույց վերականգնումը

Աղունիկ Այվազյան