Ռուսաստանը փորձում է ներգրավվել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում, որը եռակողմ է (Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա): Վրաստանը, որպես նախագծի կողմերից մեկը, հավանություն չի տալիս դրան, սակայն, փորձագետների կարծիքով, Վրաստանի համար դժվար կլինի դիմակայել՝ «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն» սկզբունքով:
2019 թ. մայիսին, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի երկաթուղային ընկերությունների ղեկավարներն Անկարայում (Թուրքիա) ստորագրեցին համագործակցության եռակողմ հուշագիր, որը ներառում է, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրում: Վրաստանը, որպես նախագծի մասնակիցներից մեկը, չի մասնակցել հանդիպմանը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդես է եկել հայտարարությամբ, որ երրորդ կողմը նախագծին կարող է միանալ միայն բոլոր մասնակից երկրների համաձայնությամբ:
«Անկարայում տեղի ունեցած հանդիպումը, կարծես, բոլորովին այլ տեսանկյունից էր, քանի որ ըստ երեք երկրների միջեւ կնքված համաձայնագրի, միայն բոլոր երկրների համաձայնության դեպքում ցանկացած այլ «խաղացող» կարող է միանալ նախագծին: Հենց Վրաստանի տարածքում պետք է լինի կապող կայանը, որտեղ տեղի կունենա երկաթգծի անցումը այսպես կոչված «Եվրոպական ստանդարտից» մեր ստանդարտին, եւ դա տեղի կունենա հենց Ախալքալաքում: Այլ տարբերակ չի քննարկվում », – ընդգծել է Բախտաձեն:
Փորձագետների խոսքերով, Ռուսաստանը փորձում է ամեն կերպ ներգրավվել այս նախագծում, քանի որ նրան անհրաժեշտ է երկաթուղով Հարավային Կովկասի հետ զարգացնել տրանսպորտային կապերը:
«Մենք գիտենք, որ Վրաստանը դեմ է Ռուսաստանի ներգրավմանը այս նախագծում, բայց կարծում եմ, Վրաստանի համար ինչ-որ չափով դժվար կլինի դիմակայել մի քանի չափորոշիչներով: Առաջինն այն է, որ երկաթգիծը լիովին ֆինանսավորել է ադրբեջանական կողմը: Երկրորդը՝ Վրաստանը շահագրգռված է տնտեսական տեսանկյունից, որպեսզի ավելի շատ բեռներ մուտք գործեն, այդ թվում՝ Չինաստանից եւ Ռուսաստանից, ավելի շատ եկամուտ կլինի, բայց քաղաքական տեսանկյունից դա այդքան էլ շահավետ չէ», – ասում է Սեւծովյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի քաղաքական վերլուծաբան Նիկա Չիտաձեն:
Երկաթուղու շինարարության հիմնական մասը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից, իսկ 68 կմ հատվածի շինարարությունը՝ Թուրքիայի կողմից:
Ըստ Նիկա Չիտաձեի, խնդիրը նրանում է կայանում, որ արեւմտյան երկրները ակտիվորեն չմասնակցեցին նախագծին, իսկ ամերիկյան կողմը հրաժարվեց:
Ռուսաստանը իր ձգտումները արդարացնում է Ադրբեջանի հետ իր միջազգային պայմանավորվածությամբ, սակայն, Ռուսաստանի նախագծին միանալու հարցը դեռ վերջնականապես լուծված չէ:
Սկզբում Հայաստանը նույնպես ցանկանում էր մասնակցել այս նախագծին, սակայն այդ հարցը քաղաքական պատճառներով բացառվեց՝ կապված Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ ունեցած Հայաստանի հարաբերություններով:
«Խնդիրն այն է, որ Կարս-Գյումրի երկաթգիծը չի գործում 1993 թվականից, ղարաբաղյան հակամարտությունից հետո Թուրքիան այն փակեց: Հիմնական «խաղացողը» այստեղ Ադրբեջանն է, որը հակադրվում է, որ Վրաստանով ապրանքները հասցվեն Հայաստանի տարածք: Մենք էլ դեմ ենք, որ ռուսական բեռները Թուրքիայից մտնեն Վրաստան », – ասում է Նիկա Չիտաձեն:
Մեկուկես տարի է անցել ԲԹԿ-ի պաշտոնապես շահագործման հանձնվելուց հետո, սակայն մինչ օրս ճանապարհն անարդյունավետ է աշխատում: ԲԹԿ-ի բեռնափոխադրումները տարեկան 5 մլն տոննա են, սակայն, ըստ փորձագետների, այսօր ճանապարհը ծանրաբեռնված է միայն 5% -ով:
Վրաստանում տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին ասում է, որ Վրաստանը միևնույն է որոշակի լծակներ ունի:
«Վրաստանը որոշակի լծակներ ունի այս երկաթգծի կառավարման համար, մասնավորապես, սակագնային քաղաքականության հարցում: Սակագնային քաղաքականությունը կարգավորվելու է համատեղ », – ասաց Պաատա Ցագարեիշվիլին:
2019 թ. մայիսի վերջին, Թուրքիայում տեղի ունեցած Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի տրանսպորտային գերատեսչությունների նիստում, պետք է հաստատվեին ուղեւորափոխադրումների սակագները,սակայն հանդիպումը դեռ չի կայացել:
ՓԲԸ «Ադրբեջանական երկաթուղիների» վարչության նախագահ Ջավիդ Ղուրբանովի տեղեկությունների համաձայն, ԲԹԿ-ով ուղեւորների փոխադրումը կսկսվի այս տարվա օգոստոսին, իսկ սակագնային քաղաքականության մասին նա ասաց.
«Թուրքական կողմը նախկինում հայտարարել էր գները, սակայն դրանք համաձայնեցված չեն ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական կողմի հետ: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տոմսի արժեքը պետք է համապատասխանի մարդկանց կենսամակարդակին »:
Թուրքիան առաջարկել է ուղեւորների տոմսերի իր գները, Բաքվից Ախալքալաքով դեպի Անկարա ճանապարհորդելը կարժենա մոտ 160 լարի:
Շուշան Շիրինյան