«Ադրբեջանը մեր ընկերն է, սակայն Դավիթ Գարեջին Վրաստան է», – հունիսի 1-ին, վանքի համալիրի մոտակա տարածքում այս նշանաբանով խաղաղ ցույց տեղի ունեցավ, որը կազմակերպել էր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը։

«Այստեղ հավաքվելու հիմնական նպատակն է, որ թե Վրաստանի, թե Ադրբեջանի կառավարությունը ստանա հստակ ուղերձ մեր կողմից, որ վրաց ազգը չի պատրաստվում թողնել Դավիթ Գարեջին։ Դավիթ Գարեջին Վրաստան է, և կարծում եմ, որ սա հաստատելու կարիք չկա։ Մենք հարգում ենք ադրբեջանցիներին, կարծում ենք, որ նրանք իմաստուն նախագահ ունեն և հենց այս պատճառով հույս ունենք, որ խոսակցություն չի լինի այն մասին, թե Դավիթ Գարեջին ալբանական արձան է։ Սա Վրաստան է և այստեղ հավաքված ժողովուրդը պաշտպանում է վրաց մշակույթի արձանը», – հայտարարեց «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Իռմա Ինաշվիլին։

«Հայրենասերների դաշինք»-ի անդամները չեն բացառում նմանատիպ ցույցերի շարունակությունը բանակցությունների ոչ ցանկալի արդյունքի դեպքում։

Ապրիլի 25-ին ադրբեջանցի սահմանապահները փակել էին Դավիթ Գարեջի վանքը և հոգևորականներին չէին թողնում մուտք գործել վանք:

Չորս օրվա ընթացքում ադրբեջանցի սահմանապահները փակել էին վանք տանող արահետները, որի պատճառով սահմանափակվել է այնտեղ գտնվող հոգևորականների և Դավիթ Գարեջիի հյուրերի տեղաշարժը:

Այս հարցով մայիսի 4-ին և 5-ին Վրաստանի պատրիարքարանում կայացել է հանդիպում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Համայն Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար փաշա Զադեի ներկայացուցիչ Ալի Ալիևի հետ:

Այնուհետև բանակցությունների արդյունքում մայիսի 10-ի դրությամբ Դավիթ Գարեջիում իրավիճակը կայունացավ և Չիչխիտուրիի վանքը բացվեց այցելուների համար։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն մայիսի 14-ին Բաքվում կայացել է աշխատանքային հանդիպում Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման հանձնաժողովների նախագահների, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի միջև:

Կողմերը քննարկել են պետական սահմանի սահմանագծման ընթացքը և քննարկել առաջիկա քայլերը: Նշվել է, որ պետական սահմանի մոտ 2/3 մասը համաձայնեցված է հանձնաժողովների կողմից և անհրաժեշտ է վերսկսել ակտիվ հաղորդակցությունը չհամաձայնեցված հատվածներում կողմերի դիրքորոշումների համաձայնեցման նպատակով:

Երկու երկրների ներկայացուցիչներն ընդգծել են հարցի կարևորությունը և նշել, որ անընդունելի է հարցի շուրջ ցանկացած տիպի սադրանք, նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկությունում:

Վանքում իրավիճակը մինչ օրս անփոփոխ է։

Մայիսի 28-ին Ադրբեջանի անկախության օրը, Դավիթ Գարեջիի տարածքում երկու ակցիա-երթ անցկացվեց: Մեկը՝ Ադրբեջանի կողմից, ադրբեջանցի երիտասարդների մասնակցությամբ, երկրորդը՝ վրացի ակտիվիստների, Գարեջիի հոգևորականների և հակաօկուպացիոն շարժման անդամների ակցիան։

Ակցիայի մասնակիցները Վրաստանի կառավարությունից պահանջում էին, որ սահմանի սահմանազատման մասին խիստ բանակցություններ անցնի Ադրբեջանի հետ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարասելիան մայիսի 23-ին ասաց, որ ադրբեջանական կողմը աշխատանքներ է իրականացնում իրենց կողմից վերահսկվող տարածքում։

Ի՞նչ են ասում Ադրբեջանում

Ադրբեջանի արտաքին գործակալությունը քիչ է խոսում։ Տեղեկություն է տարածվում միայն երկկողմանի բանակցությունների քաղաքական մանրամասների վերաբերյալ։

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկության համաձայն Քեշիքչիդաղի (այսպես են ադրբեջանցիներն անվանում վանքի տարածքը) բնությունը մշակույթի նախարարությունը շուտով կվերստուգի և կուժեղացնի դրա պաշտպանումը։ Կկառուցվի վարչական շենք աշխատակիցների համար և կվերակառուցվեն ճանապարհները։

Վրաստանը և Ադրբեջանը դեռ չեն համաձայնեցրել պետական սահմանի մոտավորապես մեկ-երրորդը, և մինչ այսօր տարածքի 30%-ը ենթակա է հաստատման, այդ թվում նաև այն մասը, որտեղ գտնվում է պատմական հուշարձան Դավիթ Գարեջին։

Ռիմա Մառանգոզյան