Թուրքական պետական երկաթուղիները (ԹՊԵ) Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Բաքու-Անկարա ուղեւորատար գնացքի գների վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել: ԲԹԿ-ի վերջնական ժամանակացույցը եւ գները հավանաբար կհաստատվեն մայիսի 24-25-ը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտային գերատեսչությունների հանդիպման ժամանակ:
Թուրք երկաթուղայիններն առաջարկում են Անկարա-Բաքու էկոնոմ դասի տոմսերի գները սահմանել 350 թուրքական լիրա, ինչը համարժեք է մոտ 159 լարիին (100 մանաթ, 50 եվրո). կոմֆորտ դասինը՝ 600 լիրա համարժեք 272 լարիի (170 մանաթ, 85 եվրո), լյուքս դասինը՝ 850 լիրա համարժեք 386 լարիի (240 մանաթ, 120 եվրո):
Բաքու-Անկարա երթուղու երկարությունը կկազմի մոտ 2200 կիլոմետր, գնացքը կգործի (ժամանում եւ մեկնում) շաբաթը մեկ, ճանապարհին ծախսած ժամանակը նախնական հաշվարկներով 40 ժամ (ներառյալ սահմանը հատելու եւ երկաթուղագիծը փոխելու համար երկու ժամը): Ինչպես նշում է ԹՊԵ- ն, ապագայում նախատեսվում է նվազեցնել ճանապարհի տևողության ժամանակը:
Գնացքն ընդգրկում է տասը վագոն, այդ թվում՝ մեկ վագոն-ռեստորան, յոթ էկոնոմ դասի վագոն, մեկ կոմֆորտ եւ մեկ լյուքս դասի վագոն:
Սակայն, բաց է մնում հարցը, թե որքան ժամանակ է պետք ճանապարհի համար. 40 ժամ ճանապարհը նշանակում է 1 ժամում 55 կիլոմետր, որը շատ ավելի քիչ է, քան ավտոմեքենայով երթևեկության արագությունը: Չպետք է մոռանալ նաև, որ Stadler վագոնները ժամը 160 կիլոմետր արագությամբ շարժվելու ունակություն ունեն եւ ակնհայտ է, որ դրանց ռեսուրսները չեն օգտագործվի դեպի Անկարա երթուղու ուղղությամբ, առնվազն նախնական փուլում:
Եթե Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային աշխատողները կարողանան բարձրացնել դեպի Անկարա ուղեւորափոխադրող գնացքների արագությունը մինչև ժամը 90 կիլոմետրի, ինչպես նաեւ մշակել սահմանային հսկողության անցումը եւ նեղ երկաթուղագիծը լայնի վերափոխելը և հակառակը, ապա ճանապարհի տևողությունը կարող է կրճատվել մոտավորապես մեկ օրով:
Նշենք, որ Բաքու-Անկարա գնացքի տոմսի գրաֆիկի եւ գնի վերաբերյալ վերջնական որոշումը հնարավոր է կայացվի Անկարայում մայիսի 24-25-ը նախատեսված տրանսպորտայինների հանդիպման ժամանակ:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքը կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: ԲԹԿ-ում բեռնափոխադրումների բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թ. հոկտեմբերի 30-ին: ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր: