Այսօր, մայիսի 18-ին Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ գորգագործությանը նվիրված միջոցառում, որը կրում էր՝ «Եկեք պահպանենք ու չմոռանանք մեր մշակույթն ու արհեստները» խորագիրը:

Արդեն 5 տարի է Նինոծմինդայի Հայկական երիտասարդական կենտրոնում գորգագործություն են դասավանդում: Այս ժամանակահատվածում խմբակի սաները ոչ միայն սովորել են, այլև 50-ից ավելի գորգ են գործել:

gorg2

Կենտրոնի գորգագործույթան խմբակի սաները ներկայացրին հայկական գորգի պատմությունը, զարդանախշերի նշանակությունն ու գորգագործության գաղտնիքները:

Խմբակի պատասխանատու Լալա Շահբեկյանն ասում է. «Ջավախքյան գորգերը պատկանում են գունաշերտավոր տիպին, այսինքն՝ մենք ունենք ամբողջ գորգադաշտը ծածկող զարդանախշեր: Եվ ջավախքյան գորգերին բնորոշ է ամբողջ գորգադաշտի գունային համադրութունը՝ սևի և բաց վարդագույնի մեջ»:

gorg1

Նինոծմինդայում երիտասարդական կենտրոնի հիմնադրման օրվանից գործում է գորգագործության խմբակը: Այս տարիների ընթացքում 50-ից ավելի, տարբեր չափի ու զարդանախշերով գորգեր են գործվել, և նվիրվել՝ Կենտրոն այցելած բարձրաստիճան հյուրերի:

Այս պահի դրությամբ գորգագործության խմբակը 24 սան ունի: Այստեղ, տարիներով ձևավորված ավանդույթի համաձայն՝ գորգեր են գործում կոնկրետ թեմայով: Այս տարի փոքրիկ գորգագործները Հովհ. Թումանյանի 150-ամյակին նվիրված գորգերի շարք են գործում:

«Մենք աշխատում ենք ոչ միայն պահպանել ջավախքյան գորգերը, այլև նոր գորգեր ստեղծելու ուղղությամբ: Այս տարի գործում ենք Թումանյանին նվիրված գորգեր՝ թևավոր խոսքեր, քառյակներ և այլն», – նշում է Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնի գորգագործության խմբակի պատասխանատու Լալա Շահբեկյանը:

gorg javakhk

Ինչ է գորգը

Բազմագույն զարդանախշերով, խավածածկ կամ առանց խավի քառանկյուն գեղարվեստական գործվածք։ Այն ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր, բնակարանը տաքացնելու, զարդարելու ինչպես նաև ձայնակլանման համար։ Գորգերը հիմնականում հյուսում են թելերից։ Հանդիպում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված գորգեր։ Գործվածքի գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են դրա մակերեսով, նյութով, չափսերով, զարդերիզի և կենտրոնական դաշտի փոխհարաբերությամբ, զարդանկարի բնույթով, հորինվածքով և գունային կառուցվածքով:

Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը` Վիշապագորգ, Թավրիզ, Բայազետ, Վասպուրական, Ծառագորգ, Զանգեզուր, Ղարաբաղ, Դվին, Շիրակ, Լոռի, Տարոն, Անի և այլն:

gorg en gorcum