Ախալքալաքի «պայծառ բծերը» խաղատներն ու սլոտ ակումբներն են: Մարդիկ մոլեխաղերից կախվածություն են ձեռք բերում տարբեր պատճառներով: Խաղային բիզնեսը զարգանում է այն կարծրատիպի հիմքում, որ Ախալքալաքում մեկ այլ զվարճանքային բիզնես իրեն չի արդարացնի:
Փոքր-ինչ վիճակագրություն
Դեկտեմբեր-հունվար ամիսները համարվում է խաղատների առավել շահութաբեր սեզոնը. Տղամարդիկ Ռուսաստանից վերադառնում են, իսկ ֆերմերները այդ ժամանակ վաճառում են բերքը, ինչի արդյունքում մարդիկ իրենց գրպանում փող ունեն, որը կարող են ծախսել: Ըստ մեր փոքրիկ հարցման, այդ ժամանակահատվածում սլոտ ակումբների և խաղատների ամենօրյա այցելուների թիվը հասնում է 500 կամ ավելիի: Այդ հաստատությունների հիմնական այցելուներն Ախալքալաքի շրջանի բնակիչներն են, առավել ակտիվ են Դիլիսկա, Կուլիկամ գյուղերը և ք.Ախալքալաքը: Տեղական ակումբներից մեկի աշխատակցի խոսքով, արձակուրդներին այստեղ հաճախ գալիս են խաղացողներ Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերից, որտեղ խաղատների բացումը սահմանափակ է:
Խաղատնային բիզնեսի համար գարուն-ամառ շրջանը համարվում է «մեռած», բայց և այնպես, նույնիսկ այդ օրերին հաճախումները կազմում է օրական 50 մարդ: Յուրաքանչյուր ոք, ով մտնում է խաղատուն կամ սլոտ ակումբ, այնտեղ թողնում է առնվազն 50 լարի, սակայն այս դեպքում առավելագույն չկա: «Եղել է, որ տանուլ են տվել 15 000 լարի», – ասում է նույն աշխատակիցը:
Մոլեխաղային պատմություններ
Jnews-ի լրագրողների հետ անձնական զրույցներում մարդիկ պատմում են իրենց պատմությունները, բայց չեն ուզում հրապարակել իրենց անունները: Ահա դրանցից մի քանիսը:
Հայրը Ռուսաստանում վաստակած գումարը տուն է ուղարկում` 300 000 ռուբլի: Նրա որդին վերցնում է գումարը եւ որոշում է բախտը փորձել խաղատանը: Մինչ այդ նա արդեն խաղացել էր մոլեխաղեր, բայց ոչ այսպիսի մեծ քանակությամբ գումարով: Առաջին մի քանի հազարը պարտվելուց հետո նա որոշում է կրկին խաղալ, կորցրած գումարը վերադարձնելու նպատակով, և արդյունքում ամեն ինչ կորցնում է, մինչև վերջին կոպեկը: Մնալով առանց փողի, որը ուղարկել էր նրա հայրը ապրուստի համար, ստիպված է լինում վարկ վերցնել, որպեսզի տուն դատարկ ձեռքերով չմտնի:
Մի տղա իր խաղացող ընկերոջ հետ մտնում է խաղատուն: Տեսնելով, որ իր ընկերը շահում է ջեքփոթ, նա նույնպես որոշում է փորձել և մտնում է ազարտի մեջ: Այդ օրը նա կորցնում է ամբողջ գումարը, և հիմա, երբ գումար է հայտնվում նրա գրպանում, նա գնում է խաղատուն: Նա անընդհատ մտածում է խաղի մասին, խաղային ավտոմատների ու խաղադրույքների:
Ծնողները տղային տալիս են 170 լարի և խնդրում վճարել կոմունալ ծախսերը: Տեղում պարզվում է, որ վճարման համար բավարար գումար չկա, և երիտասարդը որոշում է խաղալ սլոտ՝ գումարն ավելացնելու համար: Մտնում է հաստատություն և 10 րոպե հետո այնտեղից դուրս է գալիս դատարկ գրպանով:
Այս բոլորը պատմություններ են իրական կյանքից, և նրանք կազմում են այնպիսի իրավիճակների չնչին մասը, որոնցում հայտնվում են մարդիկ՝ կապվելով խաղային դաշտի հետ:
Խելամիտ չի լինի ասելը, որ վերը թվարկված բոլոր դեպքերում բացառապես մեղավոր են խաղային ավտոմատները: Մարդն ունի կամք, բանականություն և ընտրության ունակություն, թե ինչպես վարվել կյանքի այս կամ այն իրավիճակում: Միևնույն ժամանակ անհնար է ժխտել, որ ցանկացած մարդու վրա ազդում է այն սոցիալական միջավայրը, որտեղ նա ապրում և ձևավորում է: Այդ միջավայրին կարելի է ավելացնել կործանիչ գայթակղություններ, միևնույն ժամանակ կարելի է համալրել զարգացման համար հնարավորություններով, սպորտով, ստեղծագործականությամբ և, վերջապես, ժամանցի այլընտրանքային ձևերով, որոնք կապված չեն մոլեխաղերի հետ:
Ի՞նչն է ստիպում մարդկանց խաղալ
Երեկոյան ժամը 19:00-ից հետո Ախալքալաքում կյանքը մահանում է: Փողոցներում գրեթե մեքենաներ չկան, ճամփեզրի հաստատություններն ու խանութները փակ են, միայն խաղատների և սլոտ ակումբների պայծառ ու լուսավոր նշաններն են ուշադրություն գրավում: Նրանք նման են զվարճալի, հետաքրքիր և զգացմունքներով լի կյանքով օազիսների, ինչպես փոքրիկ Լաս Վեգասի` քաղաքի սառած և ձանձրալի ֆոնի վրա: Անտարակույս, հենց այդպիսի հաստատությունների կողքին է կյանքը եռում և սկսվում ողջ «շարժը»:
Խաղամոլներից շատերը պնդում են, որ մոլեխաղերը սովորություն են դարձել: «Լինում էր, երբ խաղատախտակի վրա հաշիվը հասնում էր 2000 լարիի, բայց ես այդ գումարը չէի հանում, այլ շարունակում էի խաղալ, այսինքն՝ ես չէի խաղում հանուն փողի, այլ խաղում էի հաճույքի: Արդյունքում կորցնում էի ամեն ինչ», – ասում է խաղացողներից մեկը:
Նմանատիպ հաստատությունների մեկ այլ այցելու, որի անունը մենք նույնպես չենք բացահայտի, պատմեց, որ նա սկսել է իր ծանոթությունը մոլեխաղերի հետ օնլայն խաղադրույքներով: Այնուհետեւ, տեսնելով քաղաքում մոլեխաղային հաստատություններ, փորձել է մտնել այնտեղ: Այժմ նա ինքը չի կարող պատասխանել, թե ինչու և ինչի համար է խաղում. «Երբ փող ունեմ գրպանումս, ես չեմ կարողանում անտարբեր անցնել խաղասրահի կողքով: Ներսումս, ինչ-որ մի բան ասում է՝ գնա, փորձիր, գուցե այս անգամ բախտդ բերի»:
Կան մարդիկ, որոնց, ի վերջո հաջողվել է հաղթահարել մոլեխաղային հակումները: Ռոբերտը (անունը փոխված է) առաջին անգամ փաղային ավտոմատով խաղացել է Ռուսաստանի խաղատաներում՝ արտագնա աշխատանքի ժամանակ: Սկզբում նա հաղթում էր, և այդ պատճառով նա ուզում էր կրկին ու կրկին խաղալ: Ռուսաստանում աշխատելով 5 տարի, նա տուն ոչ մի կոպեկ փող չի ուղարկել: Վերադառնալով Ախալքալաք, նա տեսավ, որ այստեղ ևս կան խաղասրահներ, և դարձավ դրանց հաճախորդը: Ռոբերտը խաղացել է 15 տարվա ընթացքում: Միայն երկու տարի առաջ բոլորի առջև երդվեց, որ կթողնի խաղալը ու թողեց:
Մեր կողմից հարցված երկու երիտասարդները խոստովանեցին, որ նրանք անգործությունից են խաղում: Երեկոյան նրանք գյուղից գալիս են քաղաք, ժամանակ անցկացնելու և քանի որ նրանք այլ գնալու տեղ չունեն, իրենց ժամանակն անց են կացնում խաղասրահներում, կամ խաղատներում: Ինչպես տեսնում ենք, սխեման նույնն է, մարդիկ սկսում են գրեթե պատահաբար խաղալ, հետաքրքրասիրությունից դրդված, ընկերության համար կամ հանգստի այլընտրանքների բացակայության պատճառով, և դա ի վերջո հանգեցնում է կախվածության և մարդը դուրս է գալիս վերահսկողությունից և չի տիրապետում իրեն:
Ի՞նչն է պակասում երիտասարդությանը
«Անձամբ ես ուզում եմ քաղաքում տեսնել կինոթատրոն, մի հարմարավետ սրճարան, որտեղ կարող ես հրավիրել աղջկա և չամաչել, լավ նարգիլեանոց: Այժմ մենք ոչ մի տեղ չունենք ժամանակն արժանավայել անցկացնելու համար», – ասում է ք.Ախալքալաքի երիտասարդ բնակիչ Արմանը (անունը փոխված է):
Նա կարծում է, որ խաղային հաստատություններն, անխոս, ձեռնտու են պետությանը, քանի որ մեծ եկամուտ են բերում գանձարան: Հատկապես ձեռնտու է կառուցել դրանք այստեղ, այն պատճառով, որ Ախալքալաքը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ: Արմանի խոսքով, մեր քաղաքում նման հաստատությունների աճող թիվը կապված է դրա հետ:
Արմանն ինքը բացասաբար է վերաբերվում նման հաստատություններին: «Հիմնականում, երբ քաղաքում տեղի է ունենում գողության դեպք, պարզվում է, որ նախորդ օրավազակները կորցրել էին իրենց բոլոր գումարները խաղատներում և ստիպված էին հանցագործություն կատարել: Այո, հիմա շատ հանցագործություններ են կատարվում հենց այս պատճառով», – կիսվում է երիտասարդը:
«Եթե մարդը մեծանում և ոչ մի բան չի տեսնում, բացի խաղատներից և սլոտ-ակումբներից, բնականաբար, նա այլընտրանք չունենալով սկսում է հաճախել այնտեղ: Երիտասարդները այլ զբաղմունք չունենալով ստիպված ընտրում են այդ սխալ ճանապարհը: «Հերթական կազինոյի փոխարեն ես կկառուցեի մանկական ժամանցի կենտրոն, ինչպես մեծ քաղաքներում է»:
Մեկ այլ կարծիք հայտնեց Ախալքալաքի բնակիչ Վահագնը (անունը փոխված է): «Ես չեզոք վերաբերմունք ունեմ խաղային հաստատությունների նկատմամբ: Ըստ իս, խաղացողը միշտ կգտնի, թե որտեղ կարող է խաղալ: Այստեղ խաղատների թիվը կարեւոր չէ: Թող նրանք գլուխ ունենան իրենց ուսերին, որպեսզի դրանով չզբաղվեն», – պատասխանեց նա:
Այս առումով առավել մտահոգված կատեգորիան ծնողներն են: «Երբ տեսնում եմ հերթական կազինոն, իմ սիրտը ճմլվում է: Անմիջապես մտածում եմ, թե որքան ճակատագրեր կկործանի այս վայրը», – ասում է Լարիսա Սերոբյանը:
«Դե, իհարկե, եթե այլ զվարճանքի վայրեր լինեին, ապա խաղասրահներն այսչափ շատ այցելուներ չէին ունենա: Երիտասարդները գնալու այլ տեղ չունեն», – նրա հետ համաձայնում է Գոհար Ավագյանը:
Եվս մեկ «գայթակղություն»
Շինանյութերը շարունակում են հոսել դեպի այն շենքը, որտեղ հաջորդ, վեցերորդ խաղատունն է բացվելու: Նախկինում այստեղ եղել է մեկ այլ ժամանցի հաստատություն, հիմա բոլորովին այլ է: Նրանք ասում են, որ Ախալքալաքում կինոթատրոն, ակումբներ, բոուլինգ և տարբեր սրճարաններ բացելը շահութաբեր չէ, սակայն նման փորձեր նույնիսկ չեն էլ արվել:
Ամալյա Բաբայան