Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նախագծին մասնակցող բոլոր երեք երկրների համաձայնության դեպքում հնարավոր է դրան միանա նոր խաղացող:
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ըստ նախագծի տեխնիկական որոշման, այս երկաթգծի միացնող կայանը գտնվում է Վրաստանի տարածքում՝ Ախալքալաքում:
«Սա մեզ համար ռազմավարական նախագիծ է, եւ երեք երկրների միջեւ կնքվել է համաձայնագիր, որը հատուկ սահմանում է այն սկզբունքները, որոնց հիման վրա այս ծրագիրը իրականացվում է: Աշխատանքների մեծ մասը ավարտված է, եւ մենք անպայման կավարտենք ծրագիրը առկա ինժեներական որշման հիման վրա: Ըստ վերոհիշյալ ինժեներական որոշման, երկաթգծի երթուղու միացնող կայանը գտնվում է Վրաստանի տարածքում՝ Ախալքալաքում », – ասել է Մամուկա Բախտաձեն:
Ինչ վերաբերում է Անկարայում տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները ստորագրել են հուշագիր, վարչապետը կարծիք է հայտնել, որ հանդիպումն ընթացել է այլ տեսանկյունով, քանի որ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության համաձայն, նախագծին նոր խաղացող կարող է միանալ միայն բոլոր երեք երկրների համաձայնության դեպքում:
«Անկարայում տեղի ունեցած հանդիպումը, կարծես, այլ տեսանկյունով հանդիպում էր, քանի որ երեք երկրների միջեւ կնքված պայմանագրի համաձայն, միայն բոլոր երկրների համաձայնության դեպքում նախագծին կարող է միանալ ցանկացած այլ խաղացող: Հենց Վրաստանի տարածքում է լինելու միացնող կայանը, որտեղ պետք է այսպես կոչված «Եվրոպական ստանդարտով» երկաթուղին միանա մեր չափանիշին համապատասխան ճանապարհին, եւ դա տեղի է ունենալու հենց Ախալքալաքում: Այլ տարբերակ չի քննարկվում », – ընդգծել է Բախտաձեն:
Վերջերս Անկարայում ռուսական, թուրքական եւ ադրբեջանական երկաթուղիների ղեկավարները ստորագրեցին եռակողմ հուշագիր, որի նպատակն է Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղով ապահովել պարբերական երկաթգծային փոխադրումներ: «Ռուսական երկաթուղին» կնքված հուշագրի առնչությամբ «Ռուսական երկաթուղին հնարավոր է շարունակվի մինչև Թուրքիա» վերնագրով պաշտոնական հաղորդագրություն է տարածել: